Իսպանիայում հայ և իսպանացի ժողովուրդների բարեկամությանը նվիրված խաչքար է տեղադրվել

Հուլիսի 9-ին Պուենտե Խենիլում (Կորդոբա) տեղի է ունեցել հայ և իսպանացի ժողովուրդների բարեկամությանը նվիրված խաչքարի բացման արարողություն՝ դեսպան Ավետ Ադոնցի, Պուենտե Խենիլի քաղաքապետ Էստեբան Մորալես Սանչեսի, Իսպանիայում և Պորտուգալիայում հայրապետական պատվիրակի ընդհանուր փոխանորդ Հայր Սասունի և հայ համայնքի մասնակցությամբ։ Խաչքարը տեղադրվեց Պուենտե Խենիլի կենտրոնական «Parque de los Pinos» զբոսայգում, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Դեսպան Ադոնցն իր ողջույնի խոսքում անդրադարձ է կատարել հայ-իսպանական հարաբերությունների պատմությանը, ներկային, կարևորել խաչքարի տեղադրումը հատկապես այս տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, շնորհակալություն հայտնեց քաղաքապետին և մտահաղացման հեղինակներին` կատարած աշխատանքի համար: