«Հայոց ցեղասպանությունը կանխամտածված ու լավ կազմակերպված հանցագործություն էր». Թաներ Աքչամ (տեսանյութ)
Հունիսի 30-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Կիլիկիա» թանգարանի սրահում Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ներկա իրավաիճակին և դիմագրաված մարտահրավերիներին նվիրված դասախոսություն է տեղի ունեցել: Կաթողիկոսության Տեղեկատվական բաժանմունքի հրավերով դասախոսության բանախոսը ԱՄՆ-ի Կլարկ համալսարանի Հայոց ցեղասպանության ամբիոնի վարիչ Թաներ Աքչամն էր: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայք-էջից: Միջոցառումը նախագահել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը: Ներկա էին Միաբան Հայրեր, մտավորականներ, ուսուցիչներ, ուսանողներ և պատմությամբ ու Հայոց ցեղասպանության ուսումնասիրությամբ հետաքրքրվողներ:
Բացման խոսքը կատարել է Գերպ. Տ. Սիփան Ծ. Վրդ. Քեչեջյանը, ով անփոփ ներկայացրել է Աքչամի կյանքն ու գործունեությունը:
Թաներ Աքչամը դասախսությունը կենտրոնացրել է Հայոց ցեղասպանության ուսումնասիրության վրա, խոսել հայ, թուրք և օտարազգի կարևոր մտավորականների մասին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Ցեղասպանության դրդապատճառների, ժամանակահատվածի և տարբեր գործոնների ուսումնասիրության աշխատանքում:
Դասախոսության ընթացքում թուրք պատմաբանը մեջբերումներ է կատարել օսմանյան արխիվներից՝ վերահաստատելով իր կարծիքը՝ Հայոց ցեղասպանությունը կանխամտածված ու լավ կազմակերպված հանցագործություն էր, որն իրականացվել է թուրքական իշխանությունների կողմից Առաջին աշխարհամարտի ընթացքում ստեղծված առաջին իսկ հարմար առիթին:
Աքչամը մտահոգություն է հայտնել Հայոց ցեղասպանության մասնագետների նվազող թվի առնչությամբ և կոչ արել երիտասարդ ուսանողներին զբաղվել պատմության ու մասնավորապես Հայոց ցեղասպանության հարցի ուսումնասիրությամբ:
Երեկոն եզրափակել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Վեհափառը բարձր է գնահատել Աքչամի աշխատանքները Հայոց ցեղասպանության նյութերի ուսումնասիրությունների հարցում` որակելով նրան իբրև անաչառ պատմաբան:
Նա ընդգծել է նաև Աքչամի կատարած ներդրումներին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից Սիսի կաթողիկոսարանի վերադարձի դատի գործում: Վեհափառ Հայրապետը կոչ է արել հայ երիտասարդ ուսանողներին նվիրվելու ցեղասպանագիտության ուսումնասիրությանը: Նա պատրաստակամությունն է հայտնել` օժանդակելու բոլոր այն երիտասարդներին, ովքեր կցանկանան մասնագիտանալ Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանն առնչվող հարցերում: