Բուկ-Բել-Էրի քաղաքի հրապարակը անվականակոչվել է Անրի Վերնոյի անունով
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Բուկ-Բել-Էրի քաղաքապետարանը որոշում էր կայացրել քաղաքի մուտքի հրապարակը անվանակոչել Անրի Վերնոյի անունով (ծնված` Աշոտ Մալաքյան):
Հունիսի 27-ին մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ հրապարակի բացումը` Բուկ-Բել-Էրի քաղաքապետ Ռիշար Մալիեյի, Անրի Վերնոյի տիկնոջ եւ նրանց զավակներ` Սոֆի եւ Պատրիկ Մալաքյանների ընտանիքների, հոգեւոր հայրերի, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների եւ լրագրողների մասնակցությամբ:
Բացման խոսքում քաղաքապետ Ռիշար Մալիեն նշեց, որ 100 տարի է անցել Օսմանյան Թուրքիայի իրականացրած ամենամեծ ոճրագործությունից՝ Հայոց ցեղասպանությունից, բայց Թուրքիան եւ միջազգային ողջ հանրությունը դեռ չի ճանաչել այն: Սակայն քիչ չեն գիտակից մարդիկ, հատկապես՝ արվեստագետները, ովքեր իրենց արվեստով փորձում են եւս մեկ անգամ դատապարտել Թուրքիային ու կոչ անել ճանաչել հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը: Նրանց շարքում էր նաեւ կինոռեժիսոր Անրի Վերնոյը, ով գեղարվեստական կինոյի լեզվով փոխանցեց այն, ինչը, գուցե, ճառերով կամ վավերագրական կինոժապավենով անհնար է ասել:
Անրի Վերնոյի դուստր` Սոֆի Մալաքյանը իր շնորհակալական խոսքում նշեց, որ իր ընտանիքի պատմությունը ներկայացնող «Մայրիկ» եւ «Պարադիի փողոց, տուն 588» ֆիլմերում իր հայրը կարողացավ պատկերավոր եւ ճշմարտացի նկարագրել եղեռնից մազապուրծ, Մարսելում ապաստանած հայ փախստականների վիճակը՝ հուզելով ողջ աշխարհին եւ ներկայացնելով Հայոց ցեղասպանությունը հաղթահարած հայ գաղթականների՝ մահին հաղթելու եւ բոլոր դժվարություները հաղթահարելու կամքը: