ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ցավակցական խոսքը Փարիզի «Յառաջ» օրաթերթի խմբագրապետ Արփիկ Միսաքյանի մահվան առիթով

Խոր ցավով տեղեկացանք, որ մահացել է լրագրող, հրապարակախոս, Փարիզի «Յառաջ» օրաթերթի երկարամյա խմբագրապետ Արփիկ Միսաքյանը:

Նրա հայրը՝ Շավարշ Միսաքյանը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ և թուրքական բանտի սարսափները ապրած հայ մտավորականը հաստատվելով Փարիզում, 1925թ. ստեղծեց «Յառաջ» օրաթերթը և մեծ ջանքեր ներդրեց թերթի կայացման գործում՝ դարձնելով այն սփյուռքահայ ամենասիրված թերթերից մեկը:

Շարունակելով հոր գործը՝ Արփիկ Միսաքյանը մոտ 5 տասնամյակ իր համեստ և անդուլ աշխատանքով նվիրվեց եվրոպահայության մի զգալի հատվածի համար այնքան անհրաժեշտ դարձած պարբերականի շարունակականության պահպանմանը։

Հայ մամուլի նվիրյալ գործչի անաչառ, ուղղամիտ, հայ ժողովրդի անցյալին ու ներկային առնչվող և ապագային միտված հոդվածների շնորհիվ էր, որ «Յառաջ»-ի էջերում ժողովուրդը որոնում էր իրեն հուզող հարցերի պատասխանները:

Արփիկ Միսաքյանի խմբագրած «Յառաջ»-ը մի յուրօրինակ հանրագիտարան էր, որը մեծ ներդրում ունեցավ ոչ միայն եվրոպահայության, ի մասնավորի՝ ֆրանսահայության, գրական ու մշակութային կյանքը ներկայացնելու, այլև հայկական համայնքների պատմությունն արձանագրելու և այն սերունդներին փոխանցելու գործում: Թերթի «Ձայներ գավառեն», «Գաղութե գաղութ» և այլ բաժիններում ներկայացվում էր ազգային ավանդական կուսակցությունների, հասարակական, մշակութային կազմակերպությունների գործունեությունը, տպագրվում էր հայ և համաշխարհային դասական գրականության նմուշներ, հայ գրողների անտիպ էջեր, հայոց պատմությանը, արվեստին և իրավունքին նվիրված հոդվածներ։

Հիրավի մեծ և անուրանալի է Արփիկ Միսաքյանի ավանդը հայապահպանության, ազգային արմատների ու ինքնության պահպանման և անաչառ լրատվության տարածման գործում:

Արփիկ Միսաքյանի անունն ու հիշատակը միշտ վառ կմնա հայ լրագրության պատմության մեջ և նրան ճանաչողների սրտերում:

ՀՐԱՆՈՒՇ  ՀԱԿՈԲՅԱՆ
Scroll Up