ԵԽ հանձնաժողովը երաշխավորել է Արմեն Հարությունյանի թեկնածությունը ՄԻԵԴ դատավորի պաշտոնում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի դատավորի պաշտոնում երաշխավորել է նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի թեկնածությունը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ԵԽԽՎ պաշտոնական կայքից, Հարությունյանն ընտրվել է Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանի նկատմամբ ձայների փոքր առավելությամբ:
ՄԻԵԴի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության գործընթացը կազմակերպվել և անցկացվել է հրապարակայնության ու արդարության միջազգային չափանիշներին համապատասխան: ՄԻԵԴում Հայաստանի դատավորի թեկնածուներն էին նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը և Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը։ Նրանց հետ փակգաղտնի հարցազրույց է վարվել, քվեարկությամբ հանձնաժողովը թեկնածուներից որևէ մեկին երաշխավորել է` ներկայացնելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, որի ամառային նստաշրջանի ընթացքում քվեարկությամբ կընտրվի դատավորը: