«Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց»՝ Մեծ թաղեր գյուղում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/07/162732-300x225.jpg)
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը հուլիսի 15-21-ը Հադրութի շրջանի Մեծ թաղեր գյուղում կազմակերպում է երիտասարդական ճամբար` «Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց» խորագրով:
Ծրագրի նպատակն է զարգացնել Արցախի երիտասարդների առաջնորդական և կառավարչական հմտությունները, նրանց քաջալերել և առավել ակտիվորեն ներգրավել հանրօգուտ ծրագրերում, զարգացնել գործուն ղեկավար ու կառավարիչ լինելու կարողությունը, ինչպես նաև անգլերեն լեզվի իմացությունը: Այն կոչված է ստեղծելու փոխադարձ ճանաչողական դաշտ` երիտասարդությանը երկրի հասարակական-քաղաքական դաշտում ներգրավման և ներհանրապետական նշանակության խնդիրներում ակտիվ մասնակցության ապահովման նպատակով:
Ճամբարին կմասնակցեն 16-22 տարեկան ակտիվ, նախաձեռնող, ստեղծագործ, հանրօգուտ աշխատանքներ կատարելու պատրաստակամ երիտասարդներ: Ծրագիրն իրականացվում է ճամբարի ձևաչափով Մեծ թաղեր գյուղի Ա. Խանփերյանցի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ մասնակիցները հնարավորություն կունենան ոչ միայն անցնելու ուսուցողական դասընթաց, զարգացնելու անգլերեն լեզվի իմացությունը, այլև անցկացնելու հետաքրքիր ժամանցային միջոցառումներով հագեցած օրեր:
Ուսուցողական դասընթացն անդրադառնում է այնպիսի թեմաների, ինչպիսիք են արժեհամակարգի վրա հիմնված վարքագիծը /ղեկավարում/, մասնագիտական կոդեքսն ու էթիկան, ուժն ու հեղինակությունը, ընդհանուր խմբի ու փոքր խմբերի արդյունավետությունը: Այս ամենը նպատակ է հետապնդում զարգացնելու մասնակիցների՝ հաղորդակցվելու, բանակցելու, կազմակերպելու և առաջնորդելու հմտությունները: Համապատասխան թեմաներով կդասախոսի Հայաստանի Ամերիկյան համալսարանի հատուկ դասընթացների բաժնի Հայաստանի մարզերում գործառույթների գծով ղեկավար Շանթ Պետրոսյանը:
Ծրագիրը իրականացվում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի և Հայկական բարեգործական ընդհանուր միության հովանավորությամբ:
«Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց» երիտասարդական ճամբարը կազմակերպվում է ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Ոչ ֆորմալ կրթության խթանման ծրագրի» շրջանակներում, որը իրականացվում է ԼՂՀ-ում՝ սկսած 2007 թ-ից:
ԼՂՀ մշակույթի նախարարություն