Եռաբլուրում կբացվի Ազատամարտիկների թանգարանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/06/եռաբլուր-300x225.jpg)
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքը մշտապես բարեկարգվում է: Հաջորդ տարի էլ` 2016թ.-ին, հանրության առջեւ իր դռները կբացի նաեւ պանթեոնին հարող տարածքում ճարտարապետական ինքնատիպ լուծումներով կառուցվող Ազատամարտիկների թանգարանը, հայտնում է News.am-ը:
Նախագծային հաշվարկներին եւ իրականացվելիք աշխատանքների ժամանակացույցին տեղում ծանոթանալու նպատակով հունիսի 11-ին «Եռաբլուր» զինվորական պանեթոն է այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի եւ պաշտպանական գերատեսչության այլ բարձրաստիճան ներկայացուցիների ուղեկցությամբ Սեյրան Օհանյանը շրջել է պանթեոնում, տվել մի շարք ցուցումներ եւ հանձնարարականներ գերեզմանաքարերի շրջակա տարածքներում բարեկարգման աշխատանքներ եւ շաբաթօրյակներ կազմակերպելու, ըստ այդմ՝ ուխտատեղի դարձած Եռաբլուրի բարձունքը քաղաքացիների այցելությունների համար առավել հարմարավետ դարձնելու ուղղությամբ:
Պաշտպանության նախարարի ուշադրության կենտրոնում էին հատկապես Ազատամարտիկների թանգարանի նախագծային-հաշվարկային աշխատանքները, որոնց կապակցութամբ մանրամասն տեղեկություններ ներկայացրին ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը, կառուցման աշխատանքներին ներգրավված ճարտարապետներն ու պատասխանատու այլ մասնագետները, ովքեր հավաստիացրին, որ շինարարական եւ կահավորման աշխատանքների ավարտից հետո երկհարկանի շինությունն ամբողջովին համահունչ կլինի ժամանակակից թանգարանային պահանջներին: Հատկանշական է, որ որպես զոհված հերոս հայորդիների քաջագործությունն ու սխրանքը վերաարժեւորելու եւս մեկ կարեւոր հարթակ՝ ազատամարտիկների թանգարանը կունենա գեղեցիկ ցուցասրահներ, ինչպես նաեւ տեսաֆիլմերի դիտասրահ՝ հագեցած ժամանակակից տեխնիկական միջոցներով: