The Guardian-ի լրագրողին արգելել են լուսաբանել Բաքվի Եվրոպական խաղերը

Ադրբեջանի կառավարությունը բրիտանական The Guardian թերթի լրագրողին արգելել է լուսաբանել Բաքվի Եվրոպական խաղերը, գրում է News.am-ը:

Նրան, այլ պարբերականների ներկայացուցիչներին եւ մի շարք իրավապաշտպանների թույլ չեն տվել ժամանել Ադրբեջան, գրում է The Guardian-ը։

Թերթը հունվարին հավատարմագրման հայտ էր ներկայացրել մարզական խմբագրության թղթակից Օեւեն Գիբսոնի համար եւ հաստատում ստացել։ Սակայն հունիսի 5-ին Եվրոպական խաղերի մամուլի գրասենյակից հայտնել են, որ հավատարմագրումը ընթացքի մեջ է։ Եվ վերջապես թռիչքից 3 ժամ առաջ հայտի պատասխանն այդպես էլ չի ստացվել։ ԵՕԿ-ում հայտարարել են, որ արգելքը լիովին  հակասում է  մարզական ոգուն եւ խոստացել են, որ կոմիտեի ղեկավար Պատրիկ Հիկեն կբարձրացնի այդ հարցը իշխանությունների հետ հանդիպման ժամանակ։

Պարբերականը նշում է, որ մերժումը ամենայն հավանականությամբ պայմանավորված է դեկտեմբերին լրագրողի՝ Բաքու կատարած այցի հանգամանքով։ Գիբսոնը նյութ էր պատրաստել այն մասին, թե ինչպես են Խաղերի նախապատրաստության շեմին ոտնահարվում մարդկանց իրավունքները, ինչպես նաեւ նա հանդիպել էր Ալիեւի ռեժիմի քննադատների, մասնավորապես լրագրող Խադիջա Իսմայլովայի հետ։

Իր  հերթին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է լրատվամիջոցների համար ազատություն ապահովի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության անդամներին թույլ չէին տվել ժամանել Ադրբեջան, քանի որ վերջին պահին  նրանց հայտնել էին, որ նրանց առաքելությունը պետք է հետաձգվի մինչեւ Եվրոպական խաղերի ավարտը։

Scroll Up