Տիգրան Սարգսյանը ելույթ է ունեցել Կիպրոսի եւ համահունական հարցերին նվիրված համաժողովին

Հունիսի 3-ից 4-ը Վաշինգթոնում տեղի ունեցավ ամերիկայում գործող մի շարք հունական լոբբիստական կառույցների եւ հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված Կիպրոսի եւ համահունական հարցերին նվիրված 31-րդ տարեկան համաժողովը: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ԱՄՆ-ում Կիպրոսի դեսպան Ջորջ Ցակալին, ԱՄՆ-ում Հունաստանի դեսպան Խրիստոս Պանագոպուլոսը, «Արդարություն Կիրպոսի համար» միջազգային համակարգող հանձնաժողովի (PSEKA) նախագահ Ֆիլիպ Քրիստոֆերը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը, ԱՄՆ-ում Եգիպտոսի եւ Իսրայելի դեսպանները, ինչպես նաեւ Սպիտակ տան հաղորդակցության հարցերով տնօրեն Ջենիֆեր Փսակին: Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ-ում գործող հունական բազմաթիվ կառույցների ղեկավարներ:

Իր ելույթում դեսպան Սարգսյանը ներկայացրեց Հունաստանի եւ Կիպրոսի հետ Հայաստանի համագործակցությունը: Նա նշեց, որ հայ եւ հույն ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող խորը պատմական կապերը եւ բարեկամական հարաբերությունները հիմք են հանդիսանում ակտիվ եւ արդյունավետ համագործակցության համար: Առանձնակի նշվեց այդ երկու երկրների հետ Հայաստանի համագործակցությունը միջազգային կազմակերպություններում եւ ռազմական ոլորտում: Ընդգծվեց կողմերի փոխադարձ աջակցությունը համապատասխանաբար Կիպրոսի խնդրի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Ներկաները ծափողջուններով ընդունեցին դեսպան Սարգսյանի ներկայացված այն տեղեկատվությունը, որ վերջերս ՀՀ Ազգային ժողովն ընդունել է բանաձեւ՝ ճանաչելով Պոնտոսի հույների եւ ասորիների ցեղասպանությունը եւ հռչակելով մայիսի 19-ն այդ ողբերգական իրադարձության հիշատակի օր:

Մյուս բանախոսները իրենց ելույթներում ընդգծեցին արեւելյան Միջերկրականում գոյություն ունեցող էներգետիկ պաշարների համատեղ շահագործման եւ դեպի Եվրոպական մայրցամաք տանող գազամուղի կառուցման շուրջ տարածաշրջային համագործակցության լայն հեռանկարների առկայությունը:

Հունական համայնքի ներկայացուցիչներն իրենց ելույթներում բազմիցս հիշատակեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին եւ այդ համատեքստում նշեցին հայ ժողովրդի հետ ամուր բարեկամական կապերի գոյության փաստը:

Scroll Up