Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում հայ թեկնածուների առաջադրումն աղերսներ ունի Ցեղասպանության խնդրի հետ. թուրքագետ

Հունիսի 7-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են լինելու: Այս խորհրդարանական ընտրությունները որոշակիորեն տարբերվում են նախորդներից, քանի որ երեք կուսակցություններն էլ հայ թեկնածուներ են առաջադրել:
Tert.am-ի հետ զրույցում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը մանրամասներ ներկայացնելով հայ թեկնածուների մասին, ասաց, որ սկսած 1960 թվականից մենք Թուրքիայի խորհրդարանում չունենք հայ պատգամավոր, որևէ ընտրության ժամանակ հայ թեկնածուները չեն գրավել անցողիկ տեղեր:
Թուրքագետն ասաց, թե հայ թեկնածուների առաջադրումը, ուղղակի թե անուղղակի, աղերսներ ունի Հայոց ցեղասպանության խնդրի և հատկապես՝ միջազգային հարթակներում այդ խնդրի ավելի լայն տեղ զբաղեցնելու հետ, քանի որ ինչքան Հայոց ցեղասպանության հարցը միջազգային մամուլում, համաշխարհային քաղաքական հարթակներում արծարծվում է, այնքան Թուրքիայի հայությունը քաղաքական մեծ կշիռ է ձեռք բերում:
«Բացի «Ազգայնական շարժում» կուսակցությունից, մնացածը՝ և՛ իշխող կուսակցությունները, և՛ ընդդիմադիր քեմալական կուսակցությունը, ինչպես նաև քրդական «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցությունն առաջադրել են հայ պատգամավորության թեկնածուներ»,- նշեց Մելքոնյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ թեկնածուներն այս անգամ ցուցակներում բավական հետաքրքիր դիրքերում են, և բավական մեծ հավանականություն կա, որ, օրինակ, իշխող կուսակցությունից կամ ընդդիմադիր քրդական կուսակցության թեկնածուն կարող է ընտրվել Թուրքայի խորհրդարանի պատգամավոր:
«Կարևորն այն է, որ իշխող կուսակցության թեկնածուն՝ Մարգար Եսայանը, հայտնի է իր իշխանամետ հայացքներով, լրագրող է, և իր լրագրողական գործունեության ընթացքում միշտ սատարել է Էրդողանին և նրա իշխանությանը: Բնական է, որ պատգամավոր ընտրվելուց հետո էլ ոչ թե փոխվելու է Մարգար Եսայանի դիմագիծը, այլ ավելանալու է ևս մի շտրիխ. այն, որ նա դառնալու է ոչ միայն թուրքական իշխանությունների ընդհանուր քաղաքականությունը գովերգող լրագրող, այլև այդ իշխանության մաս կազմող և այդ իշխանությունն իրականացնող պատգամավոր»,- նկատեց թուրքագետը՝ հավելելով, թե հայությունը չպետք է սպասի, թե Մարգար Եսայանն ինչ-որ հեղափոխական քայլեր է անելու:
Ռուբեն Մելքոնյանն ասաց, թե նույնը կարելի է ասել ընդդիմադիր քեմալական կուսակցության թեկնածուի մասին, որն ընտրվելու առավել քիչ շանսեր ունի, բայց ընտրվելու պարագայում էլ կրկին կտրուկ հայանպաստ քաղաքականություն չի վարելու:
«Միակ հետաքրքիր թեկնածուն քրդական «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցությունից առաջադրված Կարո Փայլյանն է, որը միշտ հայկական դպրոցների խնդրի մասին է բարձրաձայնում և հայկական համայնքի սուր հարցերը բերում է քաղաքական օրակարգ, և ընտրվելու դեպքում նրա դիմագիծը կշարունակվի, և մենք կարող ենք Թուրքիայի խորհրդարանում ակնկալել, որ կունենանք մի պատգամավոր, որը իշխանական գծած սցենարից տարբերվող հայտարարություններ կանի, ավելի շատ կենտրոնանալով Ստամբուլի հայ համայնքի վրա»,- տեղեկացրեց Ռուբեն Մելքոնյանը:
Ըստ նրա՝ պատգամավորության հայ թեկնածուները երկու գործառույթ են ունենալու. առաջինը, որ Թուրքիայի համար խոսելու մի նոր նյութ են դառնալու եվրոպական և այլ տարատեսակ հարթակներում, թե իրենք տոլեռանդ են, ու դրա նշաններից մեկն էլ հայ պատգամավորներն են: Երկրորդն այն է, որ այդ պատգամավորների միջոցով փորձելու են ինչ-ինչ «մեսիջներ» հասցնել աշխարհին և կրիտիկական պահերին այդ մարդկանց շուրթերով անելու են թուրքանպաստ հայտարարություններ:
Ընտրությունների համատեքստում կրկին անդրադառնալով կուսակցությունների կողմից քարոզարշավում Հայոց ցեղասպանությանն անդրադառնալու թեմային, թուրքագետն ասաց, որ Հայոց ցեղասպանության խնդիրն ուղղակիորեն դարձել է թուրքական քաղաքականության հռետորաբանության մի մաս:
«Նախագահական ընտրություններում բավական ակտիվ էր այդ հարցը: Խորհրդարանական ընտրություններում համեմատաբար պասիվ է այն: Այն միայն արծարծում է քրդական կուսակցությունը, բայց նա էլ երբեմն խուսափում է այդ հարցի դրանից, քանի որ դա իր մեջ քվեները պակասեցնելու լուրջ վտանգ է պարունակում»,- եզրափակեց թուրքագետը: