ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ Ազգային ժողովում հանդես է եկել հաշվետվությամբ

Հունիսի 1-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունների քննարկումները: Հաշվետվությամբ հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ներկայացնելով հաշվետու տարում կատարված ծախսերը և իրականացված ծրագրերը, նախարարը նշել է, որ նախարարությունն իրականացրել է 16 ծրագիր՝ ապահովելով 96,6 տոկոս կատարողական և ծախսելով 1,1 միլիարդ դրամ: Հրանուշ Հակոբյանը նշել է նաև, որ տարվա ընթացքում աշխատել են երեք գերակա ուղղությամբ՝ աշխատանք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբերի հետ, սիրիահայերի հետ կապված խնդիրների լուծում և Սփյուռքի հայկական կազմակերպությունների հետ ծրագրերի ընդլայնում:
Նախարարը նշել է, որ Սփյուռքի նախարարությունն ունի նաև 35 միլիոն դրամի խնայողություն:
Նախարար Հ. Հակոբյանը սպառիչ պատասխաններ է տվել պատգամավորների հարցերին` հանգամանալից անդրադառնալով սիրիահայերի հիմնախնդիրներին, Սփյուռքում հայոց լեզվի տարածմանը և այլ հարցերի:
Ազգային Ժողովի նիստից հետո նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին: