Սայաթ-Նովայի հիշատակը հավերժացնող «Վարդատոնն» այսօր 101-րդ անգամ նշվեց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում

Ամենամյա միջոցառման շրջանակներում Թբիլիսի էին մեկնել «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը՝ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ:

Tert.am-ի փոխանցմամբ` Թբիլիսիի  Սուրբ Գևորգ եկեղեցու բակում հավաքված բազմաթիվ վիրահայերի համար հնչել են Սայաթ-Նովայի մի շարք ստեղծագործություններ, եղան պարային կատարումներ:

Տոնի առթիվ մարդիկ այս տարի վարդեր են դրել Սայաթ-Նովայի քամանչայի հուշարձանին, քանի որ Սուրբ Գևորգ եկեղեցու վերանորոգման պատճառով գերեզմանը փակ է:

Հայ Առաքելական  եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի խոսքերով` վիրահայերը գնալով ավելի ակտիվ են մասնակցում այս միջոցառմանը:

«Ամեն տարի տարբեր է: Ընդհանուր առմամբ վրացահայությունը վերջին տարիներին ավելի աշխույժ է, դա երևում է և՛ միջոցառումներին մասնակցելու առումով, և՛ կազմակերպչական առումով,-ասաց նա,-կամաց-կամաց հասարակական կազմակերպություններ են ստեղծվում,  և դա նշանակում է, որ  քաղաքացիական հասարակությունը կամաց-կամաց սկսում է գործել: Բայց եթե ասենք, որ մեր սպասածից ավել է, այդպես չէ, բայց շուտով ավել կլինի»:

Վազգեն Սրբազանը հավելել է նաև, որ դրական տենդենց, միանշանակ, տեսնում են,  բայց բոլոր դեպքերում այդ ամբողջ միջոցառումներն անցողիկ են:

«Մենք պետք է կարողանանք այնպիսի կառույցներ ստեղծել այսօր, որոնք ամենօրյա աշխատանքով պահպանեն հայկականությունը: Սա մեր աշխատանքի բերումով նկատելի է, որ մենք դրան ենք գնում»,-ասել է նա:

Scroll Up