Մշո Սուրբ Կարապետ վանքի վերականգման համար դիմում է ներկայացվել իշխանություններին

Մշո Յուքարըյոնգալ գյուղում գտնվող Սուրբ Կարապետ հայկական վանքի տարածքն այնտեղ գտնվող տներից ազատելու և վանքի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության, ինչպես նաև ներքին գործերի նախարարություններին դիմում է ներկայացվել:

Դիմումը ներկայացրած «Սասուն, Բիթլիս, Բաթման, Մուշ, Վան, Ստամբուլ և մյուս բոլոր նահանգների, շրջանների, գյուղերի հայերի և Սասունի շրջանի գյուղերի հայկական սոցիալական փոխօգնություն ու մշակութային համերաշխություն» միության նախագահ Ազիզ Դաղջըն հայտնել է, որ  սբ. Կարապետը շատ կարևոր և պատմական վայր է:

ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ թուրքական «Milliyet» թերթը հայտնում է, որ Դաղջըն  նախկինում ևս դիմել էր վանքի վերակառուցման համար, սակայն մշակույթի և զբոսաշրջության նախարարության գրավոր պատասխանից տեղեկացել էր, որ վանքի տարածքում կա 48 տուն և 6 խոտամբար: Դաղջըն նշել է, որ 23.03.2012 թվականին ստացված նամակում (համար 2012-65584) իրենց տեղեկացրել էին, որ 6 ամսվա ընթացքում տարածքը կազատեն: «Բայց 2012-ից մինչև 2015թ. եկեղեցին և նրա տարածքը չեն ազատվել»,- ասել է միության նախագահը:

Վերջինը նաև հիշեցրել է, որ թուքական պետությունը Լոզանի պայմանագրի 42/3 կետով պարտավորվել է  պահպանության տակ առնել փոքրամասնությունների եկեղեցիները, սինագոգները, գերեզմանները և այլ կրոնական հաստատությունները:

Դաղջըն նշել է պահպանության կարիք ունեցող և մշակութային ժառանգություն հանդիսացող վայրերում կառուցապատում իրականացնող անհատներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին՝ հիշեցնելով, որ օրենսդրության համաձայն, պատմամշակութային կառույցներին դիտավորյալ կերպով վնաս հասցնողներին, ապօրինի կառուցապատում իրականացնողներին սպառնում է 2-5 տարվա ազատազրկում:

Դաղջըն մշակույթի ու զբոսաշրջության և ներքին գործերի նախարարություններից դրական պատասխան է ակնկալում Նա հայտնել է, որ պատասխանը ստանալուն պես կսկսեն տարածքի մաքրման և վերականգման աշխատանքները:

Scroll Up