Չեխիայում կայացել է Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/05/Ծիծեռնակաբերդ.jpg)
Պրահայի Սուրբ Սիմոնի և Սուրբ Հուդայի եկեղեցում մայիսի 25-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Լույս ի լուսո» հատուկ համերգը՝ Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ:
ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ՝ համերգը կազմակերպել էր Չեխիայում ՀՀ դեսպանությունը՝ Չեխիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող «Ապրիլ-24» կոմիտեի աջակցությամբ և «Կարդինալ» սրահի, «Գեներալ» հյուրանոցի, «Արաքս» ընկերության և հայ համայնքի ներկայացուցիչների հովանավորությամբ:
Համերգին ներկա են եղել Չեխիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի բազմաթիվ ներկայացուցիչներ, պատգամավորներ, կառավարության և նախագահի աշխատակազմի աշխատակիցներ, երաժտական հաստատությունների, նվագախմբերի ղեկավարներ, երաժշտագետներ, լրագրողներ, Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:
«Լույս ի լուսո»-ը Տիգրան Համասյանի յուրօրինակ նախագիծն է դաշնամուրի և երգչախմբի համար: Այդ նոր երաժշտական նախաձեռնությունը նորովի է մեկնաբանում 5-20-րդ դարերի հայկական հոգևոր երաժշտությունը: Երգացանկում ներառված են եղել Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Պահլավունու, Ներսես Շնորհալու, Մխիթար Այրիվանեցու, Մակար Եկմալյանի և Կոմիտասի ստեղծագործությունները:
Նախագիծը հայկական հոգևոր երաժշտության մի յուրովի ներկայացում է, որի միջոցով երաժիշտներն իրենց երախտագիտությունն են հայտնում դրա հիմնադիրներին` հնչեցնելով նրանց աշխատանքները աշխարհի հին եկեղեցիներում և վանքերում, որտեղից էլ այն իր սկիզբն է առել:
Համերգին բացման խոսքով հանդես է եկել Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը` ներկայացնելով հայ ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանին և Հարություն Թոփիկյանի ղեկավարած Երևանի պետական կամերային երգչախումբը, ինչպես նաև բուն նախագիծը:
Հայ երաժիշտներն իրենց կատարումներով արժանացել են բազմաթիվ հայ և օտարազգի ներկաների ջերմ ընդունելությանը: