Արցախի 1255 շրջանավարտներ Վերջին զանգը կնշեն վաղը
Արցախն այս տարի ավելի շատ շրջանավարտ կունենա: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ Արցախում Վերջին զանգը կամ Վերջին դասը տեղի կունենա մայիսի 23-ին:
Ի տարբերություն Արցախի՝ Հայաստանում Վերջին զանգը նշում են մայիսի 22-ին: Սլավա Ասրյանը սա բացատրում է այն փաստով, որ Արցախի դպրոցները, ի տարբերություն հայաստանյան կրթօջախների, շաբաթական վեց օր են աշխատում:
«Այս տարի Արցախի 219 դպրոցները կավարտեն 1255 շրջանավարտներ:Նախորդ տարվա կտրվածքով թիվը մի քիչ ավելի է՝ մոտավորապես հարյուրով: Բոլոր դպրոցներում հանդիսավոր կերպով նշելու են վերջին զանգի կամ դասի միջոցառումը»,-նշել է ԿԳ նախարարը:
Հարցին, թե Արցախում նախատեսվո՞ւմ է բացօթյա համերգ կազմակերպել Վերջին զանգի կապակցությամբ, նախարարը պատասխանել է, որ մեծ միջոցառում նախատեսված չէ:
«Յուրաքանչյուր դպրոցն ինքն է այդ օրը միջոցառում կազմակերպում: Ընդհանուր համերգ մենք չենք կազմակերպում»,-հավելել է նա՝ ընդգծելով, որ Արցախի ճանապարհային ոստիկանությունն այդ օրն առավել լուրջ վերահսկողություն է իրականացնելու: