Գևորգ Կոստանյան. Փերինչեքի գործով դատավարությանն առաջին անգամ Հայոց ցեղասպանության հարցը քննարկվեց իրավական հարթության մեջ
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի քննությունը կարևորում է այն առումով, որ առաջին անգամ Հայոց ցեղասպանության հարցը քննարկվել է իրավական հարթության մեջ, գրում է«Արմենպրես»–ը:
Ազգային ժողովում, պատասխանելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին, նշել է, որ մինչ այդ Հայոց ցեղասպանության հարցը միջազգային իրավական հարթության մեջ քննարկման առարկա չի դարձել: «Եվ հենց այդ հարցն է, որ մեզ համար հատուկ կարևորություն ունի, նկատի ունենալով, որ վիճարկվում է այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանությունը, թեև ունի որոշակի միջազգային հանրային ճանաչում, չի կարող համադրվել Հոլոքոստի հետ, քանի որ Հոլոքոստը Նյուրնբերգյան դատավարության արդյունքում արդեն իրավաբանորեն ճանաչված փաստ է: Սա նշանակում է, որ Հայոց ցեղասպանության հարցը Եվրոպական դատարանում քննարկման առարկա է դարձել բացասական իմաստով, ինչը անհրաժեշտություն առաջացրեց, որ մենք միջամտենք տվյալ գործի քննությանը»,- նշել է Կոստանյանը:
Նա հիշեցրել է, որ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավարության առաջին փուլին Հայաստանը չի մասնակցել: «Որովհետև այդ փուլում մենք դեռևս չունեինք ձևակերպումներն ու իրավական գնահատականները, և միայն նրանից հետո, երբ ունեցանք պալատի որոշումը, հասկացանք, որ մեր միջամտությունն այլընտրանք չունի: Այսինքն` մեր խնդիրն էր բացառել իրավական որևէ փաստաթղթի առկայություն, որտեղ Հայոց ցեղասպանությունը քննարկված կլինի բացասական իմաստով: Եվ դրա համար մենք գործադրել ենք բոլոր ջանքերը. Հիշեցնեմ, որ մենք դիմել ենք միջազգային հեղինակավոր իրավապաշտպանների, ովքեր ներառվեցին Հայաստանի շահերի պաշտպանության հարցում»,- ասել է Կոստանյանը:
Գլխավոր դատախազը հիշեցրել է, որ իրենք Եվրոպական դատարանին ներկայացրել են այն փաստերը, որոնք կոնվենցիայի իմաստով հայերի ջարդերը որակում էին որպես ցեղասպանություն: «Այսինքն, մենք ներկայացրեցինք նաև իրավական այն բոլոր հիմքերը, որոնք մեզ հիմք տվեցին պնդել մեր դիրքորոշումը, որ մենք ունենք իրավաբանորեն ցեղասպանության փաստ: Մեր խնդիրն այն էր, որպեսզի Եվրոպական դատարանը, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպությունները, որոնք օժտված չեն համապատասխան մանդատով այս կամ այն կոտորածները ցեղասպանություն որակելու կամ չորակելու մանդատով, ձեռնպահ մնան նման հայտարարություններից: Եվ մենք իրավական տեսանկյունից ներկայացրել ենք, որ մենք 1915թ. ցեղասպանության ենք ենթարկվել: Մենք առաջին անգամ ներկայացրեցինք իրավական փաստեր»,- ասել է նա:
ՀՀ գլխավոր դատախազն այս տեսանկյունից կարևորել է նաև Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի անցկացումը, որի ընթացքում Հռոմի պապը 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածները որակեց որպես ցեղասպանություն: «Ես կարծում եմ, որ այդ իրադարձությունը կարևոր էր ոչ միայն քաղաքական տեսանկյունից, այլ այն կարող է հանգեցնել իրավական լուրջ հետևանքների: Ես կարծում եմ, որ այս փաստը չի կարող վրիպել նաև Եվրոպական դատարանի ուշադրությունից»,- ընդգծեց ՀՀ գլխավոր դատախազը:
Գևորգ Կոստանյանը նաև հայտնել է, որ ակնկալվում է, որ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումը կլինի առաջիկա 6 ամիսների ընթացքում: