Հայկական երաժշտության հոբելյանական փառատոն Աբխազիայում

Լրացավ Հայկական երաժշտության փառատոնի 20 տարին, որը ամեն տարի մայիսի 4-ին կազմակերպում է Աբխազիայի հայերի միությունը Գագրայի շրջանում: Փառատոնն այս տարի նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին: Այդ էր պատճառը, որ համերգային ծրագրում, բացի հայկական և աբխազական ազգային երգ ու պարից, ընդգրկված էր նաև պատերազմի թեման:
Փառատոնը հավաքել էր շուրջ 2000 հանդիսատես: Ներկա էին Աբխազիայի Ազգային ժողովի փոխխոսնակ Վաղարշակ Քոսյանը, Աշխատանքի, զբաղվածության և սոցիալական ապահովության նախարար Սուրեն Քերսելյանը, Գագրայի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Բեսլան Բարցիցը, ինչպես նաև ներկայացուցիչներ Սոչիի հայկական համայնքից:
Ինչպես իր խոսքում նշեց Աբխազիայի հայկական համայնքի ղեկավար Խաչիկ Մինասյանը, համերգային ծրագրում մասնակցում էին պարային խմբեր և անհատ կատարողներ Աբխազիայի բոլոր շրջաններից և Սոչիից: Աբխազիայի հայերի միության անունից նա պատերազմի բոլոր վետերաններին ցանկացավ քաջ առողջություն և երկար տարիների կյանք:
Համերգին հրավիրված էին Գագրայի շրջանում բնակվող Հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերանները, սակայն կարողացել էին մասնակցել միայն երկուսը: Նրանց հանձնվեցին հուշանվերներ:
Ողջունելով փառատոնի մասնակիցներին՝ Գագրայի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Բեսլան Բարցիցը բոլորին շնորհավորեց հոբելյանական 20-ամյակի և Մեծ հաղթանակի տոնի առթիվ: Համերգային ծրագիրը տևեց մոտ չորս ժամ, որի ընթացքում հնչեցին 45 կատարում:
Փառատոնի 20-ամյակի առթիվ դպրոցական երաժշտական կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարների մի մեծ խմբի հանձնվեցին ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրեր, իսկ «Արևիկ» հայտնի պարային խմբի ղեկավար Սուսաննա Սուրմենելյանը և երգահան Վլադիմիր Խարեքսյանը պարգևատրվեցին ՀՀ ՍՆ «Կոմիտաս» մեդալով:
Այս տարի փառատոնը անցկացվեց Գագրայի շրջանի Ալախադզիխ գյուղում:
ՄԱԴԻՆԱ ՏԱՐԲԱ
Աբխազիա