«Դա հրաշալի էր». Քանիե Ուեսթն իր երեւանյան համերգի մասին (ֆոտո)

Ռեփեր Քանիե Ուեսթը Երեւանում ունեցած իր խելահեղ համերգի ընթացքում օգտագործած բարձրախոսը նվիրել է ԹՈՒՄՈ կենտրոնին: Այս մասին տեղեկանում ենք կենտրոնի ֆեյսբուքյան էջից, որտեղ հրապարակել է մի լուսանկար՝ հետեւյալ գրությամբ.
«Մեկ ամիս առաջ Քանիե Ուեսթը հայտարարեց իր անակնկալ համերգի մասին եւ դրա ժամանակ նետվեց Կարապի լիճը: Պարզվեց՝ նա այդ համերգին պետք է եւս չորս երգ կատարեր, բայց իր բարձրախոսը չդիմացավ սառը ջրի մեջ հայտնվելուն: Հենց այդ բարձրախոսը նա նվիրեց Թումոյին՝ իր համերգին կատարելիք երգերի ստորագրված ցուցակի հետ միասին: Շնորհակալությո՛ւն, Քանիե»:
Ինքը՝ Քանիեն, ԹՈՒՄՈ-ին նվիրած գրության մեջ նշել է. «Ես ցատկեցի ջուրը, եւ իմ բարձրախոսը փչացավ, բայց դա հրաշալի էր: Շնորհակալություն, Հայաստան»:
Հիշեցնենք, որ իր Հայաստան այցի շրջանակներում ռեփերն այցելել էր նաեւ ԹՈՒՄՈ: