Հայ ժողովրդի հետ կատարվածը ցեղասպանություն էր իր նպատակով ու մեթոդներով. Արամ Ա (տեսանյութ)
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/05/Արամ-Ա.jpg)
Եթե նույնիսկ «ցեղասպանություն» բառը միջազգային օրենքի բառամթերքի մաս չէր կազմում 1915-ին, այն, ինչ պատահել է հայ ժողովրդի հետ Օսմանյան թուրք կառավարության կողմից, ցեղասպանություն էր իր նպատակով և իր մեթոդներով, այլ խոսքով՝ ոճիր ընդդեմ մարդկության:
Այս մասին նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսըՎաշինգտոնի մայր տաճարում, որտեղ ներկա են գտնվել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և նրանց հետ միջկրոնական աղոթքի հավաքված երկու հազարից ավելի մասնակիցներ:
Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Շարունակելով իր խոսքը՝ Նորին Սրբությունը հայտնել է, որ հարյուրամյակը երեք բառով կարելի է բնորոշել՝ հիշել, հիշեցնել և պահանջել. «Մենք հիշեցինք մեր մեկ ու կես միլիոն նահատակներին ու միշտ պիտի հիշենք, որովհետև նրանք մեր ամենօրյա պայքարի ու ձգտումների մասն են կազմում»: Ապա նշել է, որ նահատակներին հիշել՝ նշանակում է աշխարհին հիշեցնել նրանց կտակը: Ցեղասպանություն է կատարվել մեր ժողովրդի դեմ: Կաթողիկոսի խոսքով՝ միջազգային օրենքի համաձայն՝ ցեղասպանությունը ոճիր է մարդկության դեմ, հետևաբար մարդկութունը չի կարող անտարբեր մնալ այս ոճրի նկատմամբ:
Իր խոսքի վերջում Նորին Սրբությունը, շեշտը դնելով պահանջատիրության վրա, նշել է. «Անարդարություն է իրագործվել մեր ժողովրդի դեմ: Հայ ժողովուրդն իր իրավունքներն է պահանջում: Արդարությունը աստվածատուր իրավունք է, մարդիկ չեն կարող ուրիշների իրավունքները խլել: Մեկ ու կես միլիոն հայի արյուն է թափվել, մեր ժողովրդի կալվածքները բռագրավվել են: Ոչ միայն ցեղասպանության ճանաչում ենք պահանջում, այլ նաև հատուցում: Ներումը քրիստոնեական հավատքի մաս է կազմում, սակայն ներում կշնորհվի, երբ Թուրքիան ընդունի ճշմարտությունը, և այս ձևով երկու ժողովուրդների հաշտության առաջնորդող ճամփան կբացվի»:
Ներկա գտնվողները հոտնկայս ծափողջույններով են գնահատել Հայրապետի խոսքը:
Արարողությանը ներկա են եղել նաև սենատորներ, Կոնգրեսի անդամներ, եկեղեցական ներկայացուցիչներ և Միացյալ Նահանգների զանազան շրջաններից եկած հայորդիներ:
Վեհափառ Հայրապետի ամբողջական պատգամն անգլերեն լեզվով կարող եք դիտել այստեղ ՝