Դիանա Տեր-Կարապետյան. «Հայաստանին օգտակար լինելու համար սրբորեն ենք մոտենում»

 «Հայերն  այսօրի»  զրուցակիցը Բուենոս Այրեսի «Սարդարապատ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Դիանա Տեր-Կարապետյանն է: Նա Հայաստանում էր գտնվում՝ մասնակցելու  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

  -Տիկի՛ն Դիանա, Բուենոս Այրեսը Ձեր ծննդավայրն է, որտեղ մինչև այժմ ապրում և գործունեություն եք ծավալում: Պատմեք, թե ինչպիսի՞ ընտանիքում եք մեծացել և ինչպե՞ս  հայտնվեցիք «Սարդարապատ» շաբաթաթերթում: 

-Ծնվել եմ այնպիսի ընտանիքում, որտեղ հայապահպանության, արմատներին հավատարիմ մնալու հարցը ամենակարևորը և առաջնայինն է եղել: Հայրս Հալեպից էր, իսկ մայրս՝ Բուենոս Այրեսից:

Նրանք ազգային գործիչներ էին հայ համայնքում. հայրս մասնավորապես եկեղեցու բարերար էր: Կարելի է ասել նա շարունակել է պապիկիս գործունեությունը, ով Բուենոս Այրեսի ազգային գերեզմանատան եկեղեցու բարերարներից մեկն էր:       

Ուստի  Հայաստանի համար որևէ կերպ օգտակար լինելուն սրբորեն ենք մոտենում, դա   մեզ համար ամենօրյա գործ է, որն էլ հպարտությամբ ենք ի կատար ածում:

Ես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի եմ, երկար տարիներ դասավանդել եմ տեղի  դպրոցներում: Դրանից հետո 1980-1987 թվականներին «Սարդարապատ»  թերթի խմբագրակազմում եմ աշխատել, որտեղ նաև հայրս էր գործունեություն ծավալում: Իսկ 1992 թվականից առ այսօր ինձ վստահվել է «Սարդարապատի» գլխավոր խմբագրի  և պատասխանատուի պաշտոնը:

Միաժամանակ արդեն երկու տարի է, որ ՀԲԸՄ-ի «Մարի Մանուկյան»  դպրոցում Հայկական մշակույթ եմ դասավանդում:

  -Հետաքրքիր է, թե երբ է առաջին անգամ  հրապարակվել  «Սարդարապատը», և ո՞րն է  թերթի  բուն  առաքելությունը:

«Սարդարապատն» առաջին անգամ հրապարակվել է 1975թվականին՝ իբրև երկշաբաթաթերթ, իսկ արդեն 1980 թվականից հետո վերածվեց շաբաթաթերթի: «Սարդարապատը» Ռամկավար ազատական կուսակցության, Թեքեյան մշակութային միության  պաշտոնաթերթն է: Մեր գործը կուսակցական քարոզչությունը չէ սոսկ, այլ նաև հայապահպանման քարոզչությունը:

Այլ գաղափարախոսությամբ, բացասական տրամադրություն հաղորդող կամ Հայաստանին ուղղված քննադատական հոդվածներ թերթի էջերում տեղ չեն գտնում:

Սկզբնական շրջանում ութ էջ տրամադրվել է իսպաներեն և ութ էջ հայերեն լեզուներին: Թերթի հիմնադիրը Նահապետ Նահապետյանն է, ով մեծ նվիրումով և սրտացավորեն է աշխատել իր գործունեության ողջ տարիների ընթացքում, շատ բան եմ սովորել նրանից: Նա եղել է նաև Ռամկավար ազատական կուակցության հիմնադիրներից մեկը:

Որպես հարցի պատասխան՝ ասեմ, որ «Սարդարապատ» շաբաթաթերթի առաքելությունն աշխարհասփյուռ հայերի հոգիներում հայրենասիրությունը, ազգային  արժեքները և հայ լինելու  հպարտությունը  մշտավառ պահելն է:

Նահապետ Նահապետյանն էր, որ ինձ հրավիրեց աշխատելու թերթում: Միշտ ասում էր, որ թողնեմ ուսուցչությունը և միանամ իրենց՝ լրագրողական աշխատանքներ կատարելու:

 Ստանալով աշխատանքային հրավերը՝ երկմտում էի ընդունել առաջարկը, թե՝ ոչ: Հիմա վստահ կարող եմ ասել, որ չեմ զղջացել կատարածս ընտրության համար: Նահապետ Նահապետյանին համարում եմ իմ հոգևոր հայրը: Շնորհակալ եմ նաև ազգային բարերար Ալեքս Մանուկյանին, ում օժանդակության շնորհիվ թերթն ավելի առաջադիմեց և դարձավ Հարավային Ամերիկայի արդիական թերթերից մեկը: Իսկ այժմ թերթը տնօրինում է նրա որդին՝ Սերխիո Նահապետյանը, ով  Բուենոս Այրեսի երեսփոխան է եղել: Նրա շնորհիվ է, որ Արգենտինայում  ընդունվեց Հայոց ցեղասպանության ճանաչման առաջին օրենքը:

Իհարկե, շատ խնդիրների առջև ենք կանգնում, սակայն երբեք չենք վհատվում.մեր աշխատակազմը միասնական, համախմբված աշխատանքի շնորհիվ ծառացած  խնդիրներից դուրս գալու համար միշտ ելք գտնում է:

Օրինակ՝ հայերեն լեզվով այդքան շատ չէ ընթերցողների թիվը, ուստի սկսեցինք իսպաներեն լեզվով նյութերն առավել շատ ներառել թերթին էջերում: Բայց այնուհանդերձ հայերեն լեզվով ընթերցողների կորուստ չունեցանք:

Միշտ ընթերցողներին հորդորում ենք, որ թեկուզ դժվարությամբ, բայց հայերենով կարդան, որպեսզի այդ միջոցով ևս  կարողանան պահել ազգային դիմագիծը և չմոռանան ոսկեղենիկ մայրենին: Այդ նկատառումից ելնելով՝ թերթն անվճար բաժանվում է Բուենոս Այրեսի հայկական դպրոցներին. ամեն շաբաթ բոլոր աշակերտները պարտադիր իրենց սեղանին ունենում են «Սարդարապատը»:

 Շարունակելով խոսել թերթի մասին՝ հավելեմ, որ այս տարվա սեպտեմբերի 6-ին կլրանա «Սարդարապատի» հիմնադրման 40-ամյակը: Այս կարևոր իրադարձությանն առանձնակի ուշադրությամբ ենք պատրաստվելու:

-Տիկի՛ն Դիանա, ի՞նչ տպավորություններով կկիսվեք Բուենոս Այրեսի հայ համայնքից:

Բուենոս Այրեսի հայ համայնքը Սփյուռքի կարևոր համայքներից մեկն է: Տեղի հայերը կազմակերպված, հայրենասեր, աշխատասեր և նվիրյալ մարդիկ են:  Համայնքում գործում է 7 հայկական դպրոց, եկեղեցիներ, բարեգործական, մշակութային միությունները և այլն:

Ունենք «Արմենիա» փողոցը, որտեղ մեկտեղված են բոլոր կարևոր հայկական կառույցները՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ դպրոցը, ՀԲԸՄ շենքը, «Մարի Մանուկյան» կրթամշակութային կենտրոնը, «Թեքեյան» մշակութային միությունը, «Սարդարապատի» խմբագրատունը, «Արմենիա» մշակութային միությունը,  Դաշնակցության ակումբը, Մարաշի հայրենակցական միությունը, Առաջադիմականները, Այնթափի տունը: Այս փողոցում միայն հայերեն խոսացողների կարող եք հանդիպել, կարծես՝ փոքրիկ Հայաստանում գտնվելիս լինես:

Ջերմությամբ և հոգու ուրախությամբ պետք է խոսեմ համայնքի երիտասարդների մասին, ովքեր նույնպես իրենց Հայրենիքի հանդեպ մեծ սիրով են լցված.ամառային արձակուրդների ընթացքում ջանում են ամեն ինչ անեն, որ Հայաստան այցելեն:

Աշակերտները նույնպես խմբով գալիս են ամառային օրերը Հայաստանում անցկացելու. այնտեղ սովորություն կա ձևավորված, որ դասերն ավարտելուց հետո ինչ-որ տեղ ճամփորդեն հանգստանալու, իսկ նրանք նախընտրում են Հայաստան գալ: Հպարտությամբ, անչափ հուզմունքով եմ լցվում, երբ տեսնում եմ, թե ինչ ոգևորությամբ և սրտի թրթիռով են սպասում Հայաստան այցելելուն:

 Երբ վերադառնում են, այնքան տպավորված և գոհ են լինում անցկացրած օրերից, որ ցանկություն են հայտնում նորից վերադառնալ Հայաստան, կապվում են Հայրենիքին:  Նույնիսկ այլազգի երիտասարդներ են լինում խմբի մեջ ընգդրկված, ովքեր պարզապես սիրահարվում են Հայաստան աշխարհին:

Հայրենասիրական շունչն ու ոգին այնքան վառ է լինում հայ երիտասարդների մոտ, որ շատերը հաջորդ տարիներին կրկին գալիս են և կամավորության սկզբունքով տարբեր աշխատանքներ իրականացնում Հայաստանի մարզերում, գյուղերում և այլուր:

Իսկ մենք, այդ ամենը տեսնելով, ուրախանում ենք  և ջանում նոր երեխաների ուղարկել: Այս հարցում երեխաների ծնողներն են շատ օգնում մեզ, ովքեր խանդավառությամբ և պատասխանատվությամբ են  երեխաներին ուղարկում Հայաստանը տեսելու:

-Ներկայացրե՛ք, խնդրեմ  ոգեկոչման այն միջոցառումները, որոնց ձեռնամուխ եղաք իրականացնելու  Հայոց  ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում:

-Ասեմ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համախմբված կերպով ի մի բերեցինք ձևավորված կենտրոնական հանձնախմբերի հետ միասին: Շաբաթվա ընթացքում հավաքվում ենք, քննարկում անելիքները հանձնախմբերի պատասխանատուների հետ և գործի անցնում:

  Ոգեկոչման բազմաբնույթ, հագեցած միջոցառումներ ենք կազմակերպել, որոնք ոչ միայն ապրիլ ամսվա, այլ նաև ամբողջ տարվա համար են նախատեսված:

 Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված իսպաներեն լեզվով գրքույկներ ենք տպագրել, որտեղ տեղեկություններ կան Հայաստանի, հայկական մշակույթի, պատմության, Հայոց ցեղասպանության և Թուրքիայի դիրքորոշման մասին Ցեղասպանության ընդունման հարցի վերաբերյալ: Այդ գրքույկներն անվճար բաժանում ենք Բուենոս Այրեսում ապրող օտարազգիներին՝ իրազեկելու համար Հայոց ցեղասպանության մասին:

Հաջորդ ձեռնարկը, որը մեծ արձագանք ունեցավ, կապված է Անմոռուկի հետ: Իմանալով Անմոռուկի խորհուրդը՝ հայկական դպրոցների աշակերտները, փոքրիկ ծաղկամանների մեջ հող լցնելով, Անմոռուկի սերմեր ցանեցին: Իսկ  ծաղկամանի վրա թղթե գրություն էին փակցրել Անմոռուկի պատմության վերաբերյալ: Այդպես 5000 հատ Անմոռուկ  ցանվեց: «Սիրանույշ» սրահում տեղի ունեցած հանդիսության ժամանակ այդ ամենը բաժանվեց ոչ միայն հայ, այլև օտարազգի հյուրերին:

Ապրիլի 25-ին նշեցինք Հայաստանի օրը: Չնայած ամեն տարի մայիսի 1-ին ենք նշում, սակայն այս անգամ մի քանի օր շուտ կազմակերպեցինք միջոցառումը, որպեսզի համալրեր Հայոց ցեղասպանության միջոցառումների շարքը: Այդ օրը գրքի միջազգային ցուցահանդես է լինում՝ մշակութային ուղղվածությամբ:

Միջոցառման ընթացքում խոսվեց նաև Հայոց ցեղասպանության, ինչպես նաև հայերի՝ Արգենտինայում հաստատվելու պատմության մասին:

Ապրիլի 28-ին քայլարշավ տեղի ունեցավ Թուրքիայի դեսպանատան առջև, իսկ ապրիլի 29-ին Բուենոս Այրեսի ամենաճանաչված թատրոնում իրականացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գլխավոր ձեռնարկը:

Իսկ ես, ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների, «Արվեստը չի՛ լռում» գիրքը հրատարակեցի: Գրքում ներառված են իմ և արգենտինացի 30 արվեսագետների վկայությունները Հայոց ցեղասպանության մասին: Ներառված են նաև արվեստագետների աշխատանքները:

  Վստահ եմ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո էլ պետք է միասնաբար շարունակենք մեր պայքարը. ապրիլի 24-ից հետո ոչինչ չի՛ ավարտվելու:

Գիտեմ՝ Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը կարողացավ շահել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի վստահությունը և բարեկամանալ նրա հետ: Եվ այդ հանգամանքը խթան հանդիսացավ, որ Հռոմի Պապը Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի համար պատարագ մատուցի:

-Ճիշտ եք, Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանին տարիների ընթացքում հաջողվեց բարիդրացիական հարաբերություններ ձևավորել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ:

Էկոմենիկ տարբեր ծրագրերի ժամանակ, երբ Հռոմի պապը դեռևս Արգենտինայի հոգևոր առաջնորդն էր, համագործակցել են միմյանց հետ:

Նա համայնքային տարբեր հարցերում միշտ աջակցել է Գիսակ Սրբազանին և  հորդորել դժվարին իրավիճակներում հայտնվելիս առանց վարանելու դիմել իր օգնությանը: Այդպես ժամանակի ընթացքում ամրապնդվել է նրանց հարաբերությունները և վերածվել մեծ բարեկամության:

Տարիներ առաջ Համայնքը որոշեց ապրիլի 24-ը պետական մակարդակով նշել Արգենտինայի կենտրոնական Մայր Տաճարում, և պատկերացրեք ստացանք Հռոմի Պապի թույլտվությունը: Այլ կերպ ասած՝ մեզ հաջողվեց շահել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի վստահությունը:

 Նա 2001 թվականին մեծ ոգևորությամբ մասնակցեց նաև Բուենոս Այրեսի հայ համայնքի կողմից կազմակերպված  քրիստոնեության ընդունման 1700 ամյակին նվիրված միջոցառումներին:

Ծանոթանալով պատմությանը, որ Հայաստանն առաջին պետությունն է եղել ընդունելով քրիստոնեությունն իբրև պետական կրոն, անձամբ առաջարկեց մեզ խաչքար զետեղել Բուենոս Այրեսի Մայր Տաճարում՝ ի հիշատակ այդ դարակազմիկ իրադարձության:

Նրա առաջարկին հետևելով՝ Սրբազանի և ՀԲԸՄ-ի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ Բուենոս Այրեսի կաթոլիկական կենտրոնական Մայր Տաճարում տեղադրվեց այդ խաչքարը:

Դրանից հետո ամեն տարի ապիլի 24-ին Ֆրանցիսկոս Պապը միշտ խոսում էր Հայոց ցեղասպանության մասին և աղոթում անմեղ նահատակների հոգիների հանգստության համար:

Այնպես որ,  խոնարհվում ենք Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի տարիների ընթացքում կատարած աշխատանքի և ներդրած ջանքերի առջև:

Իսկ  ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապի՝ Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների համար մատուցած պատարագը շատ ազդեցիկ պահ էր, որը վստահ եմ պատմության էջերում գրվելու է: Արգենտինայից միայն 200 հոգի մարդ էր գնացել Հռոմ՝ մասնակցելու պատարագին:

Անբացատրելի էր հոգեվիճակս Սուրբ Պետրոսի տաճարում. հուզմունք, հպարտություն և ցավ ձուլվել էին իրար այն աստիճանի, որ չկարողացա զսպել արցունքներս:

Նույն հոգեվիճակում էի գտնվում ապրիլի 23-ին, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեցի  անմեղ նահատակների Սրբադասման արարողությանը:

-Տիկի՛ն Դիանա վերջում կտեղեկացնե՞ք, թե ՀՀ սփյուռքի նախարարության հետ ի՞նչ փոխհարաբերությունների  մեջ եք գտնվում:

Ուրախ եմ, որ ՀՀ սփյուռքի նախարարության հետ միշտ համագործակցության մեջ ենք գտնվում: Անշուշտ, կարևորում և բարձր եմ գնահատում ՀՀ սփյուռքի նախարարության՝ Հայրենիքը Սփյուռքին կապելու, մտերմացնելու որդեգրած քաղաքականությունը:

Առհասարակ շնորհակալ եմ նախարարությանը, հատկապես՝ նախարար Հրանուշ Հակոբյանին, որ մեր կողքին է. միշտ զգացել ենք նրա հոգատար, սրտացավ վերաբերմունքը մեր նկատմամբ: Հուսով եմ, որ դեռ երկար տարիներ կպահպանենք կապը նախարարության հետ:

Շոյված եմ շատ, որ ապրիլի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ կազմակերպված «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության 2014թ. արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության  ժամանակ  «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ լավագույն հրապարակման համար» անվանակարգում «Սարդարապատ» շաբաթաթերթն արժանացավ առաջին կարգի մրցանակի:

Նման մրցանակներ ստանալը քաջալերում է բոլորիս, իսկ  մեր գործունեությունը օտար ափերում նոր լիցքերով և վստահությամբ շարունակելու հնարավորություն տալիս:

                                                                                                                                                                                Զրուցեց Գևորգ Չիչյանը

d1d2 d6d7 d10d3  d5ccccd4դդդ

 

 

Scroll Up