Ստամբուլում հայ որբերի նախկին ճամբարի ապամոնտաժումը ժամանակավորապես կանգնեցվել է

Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայ որբերի նախկին ճամբարի ապամոնտաժումը ժամանակավորապես կանգնեցվել է: Թուրքիայում հրատարակվող «Ակօս» թերթի տեղեկացմամբ, լուր ստացվեց այն մասին, որ Ճամբարի տարածք են մտել շինարարական մեքենաներ և սկսել են հողին հավասարեցնել այն:
Լուրը ստանալուց հետո հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ մեկնել են ճամբար և կանգնեցրել ապամոնտաժումը: Այս պահի դրությամբ Թուզլայի հայկական նախկին ճամբարի տարածքում են գտնվում «ԺԴԿ» կուսակցության ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածուներ Գարո Փայլանը, Սեզին Ուչարը, «Նոր Զարթոնքի» ակտիվիստներ և Ճամբարի նախկին սաներից Կարապետ Օնուրօզը:
Գարո Փայլանը իր ֆեսբուքյան էջում հրապարակել է կիսաքանդ ճամբարի լուսանկարը` գրելով «Կպայքարենք հանուն նրա, որ հերթական անգամ չգողանան մեր աշխատանքն ու հույսը»: