«Genealogy». ֆոտոպատմություն՝ հայկական տարազներով

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի անդամների մասնակցությամբ նոր ֆոտոպատմություն է նկարահանվել:
tert.am-ի փոխանցմամբ՝ այն միտված է հայկական մշակութային արժեքների հանրահռչակմանը, ինչպես նաև աշխարհին ներկայացնելու հայկական տարազի առանձնահատկություններն ու յուրահատկությունը: Ֆոտոշարքում խմբի 6 անդամները կրում են 19-րդ դարի հայկական ազգային տարազներ և թեմատիկ արդուզարդ:
«Genealogy» խմբի անդամ Ինգա Արշակյանը ֆոտոպատմության նկարահանման ընթացքում կրել է Համշենի տարազ: Շուրջ տասնհինգ տարի պրոֆեսիոնալ բեմի վրա լինելով` Ինգան հնարավորություն է ունեցել պարբերաբար կերպարանափոխվելու և կրելու ամենատարբեր ոճի հագուստներ` սկսած հին հայկական տարազներից մինչև եվրոպական ոճի հագուստ:
«Տարազ հագնելիս հայացքդ և ներսդ է փոխվում, քանի որ համապատասխան հագուստը, կոշիկը, գլխի հարդարանքը և զարդերը կարծես ամբողջովին վերափոխում են մարդուն: Մեծ հարգանքով եմ վերաբերվում այս ամենին` իբրև հին մշակույթի մի պատառիկ, և երջանկություն է, որ մինչև մեր օրերը հասել են այդ պատառիկները և մենք դրանց կրողներն ենք այժմ»,–ասել է նա։
Խմբի մյուս մասնակիցներ Ստեֆանի Թոփալյանը, Մերի – Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանը և Թամար Կապրելյանը հագել են Վասպուրականի տարածաշրջանի ավանդական հայկական հագուստ:
Ստեֆանի Թոփալյան. «Տարազ կրելու համար բանիմաց մարդիկ են պետք, որ օգնեն ցանկացողներին ճիշտ կրել դրանք: Դա ինձ համար շատ հատուկ և հաճելի պահ էր, երբ կրում էի հայկական ազգային հագուստ: Ես վստահ եմ, իմ տատիկն ու պապիկը շատ կհպարտանային ինձնով, հատկապես, որ հենց հիմա գտնվում ենք Հայաստանում: Շատ կարևոր պահ էր, վերադարձա իմ արմատներին»:
Մերի – Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյան. «Հայկական ազգային տարազով առաջին անգամ էի: Այդ հագուստն այնքան գեղեցիկ է ՝գլխի հարդարանքները, զարդերը և ամբողջը հայկական նախշերը: Իսկապես ոգևորիչ էր, հոգեպես կապվեցի իմ նախնիների հետ: Ես տեսել էի իմ նախնիների լուսանկարները այդ տեսակի տարազներով և դա, իրոք, շատ բան է նշանակում ինձ համար: Մայրիկիս մի լուսանկար ուղարկեցի, նա ասաց, որ տատիկիս եմ նման. շատ հուզիչ պահ էր»:
Թամար Կապրելյան. «Ինձ համար մեծ պատիվ էր կրել հայկական ազգային հագուստ՝ տարազ: Ինձ տարբեր հագուստներ առաջարկեցին և շատ երջանիկ եմ, որ հնարավորություն ունեցա ընտրելու հենց Խարբերդի տարազը. պապիկս Խարբերդից էր»:
Եսայի Ալթունյանի հագին Լոռվա տարազն է. «Առաջին անգամ էի կրում տարազ. այնքան հպարտ զգացի: Տարազն այնքան էլեգանտ էր ու գեղեցիկ, որ մի պահ մտածեցի` նույնիսկ շատ տարիներ առաջ հայ ժողովուրդն արդեն ուներ իր հագուստի ճաշակն ու նորաձևության զգացումը»:
Վահե Թիլբյանը կրել է Վասպուրականի Շատախի շրջանի հագուստ. «Ես նախկինում էլ կրել եմ տարազ հայկական պարեր պարելիս, երբ դեռ Եթովպիայի հայկական դպրոցում էի սովորում: Դպրոցն ուներ երգչախումբ, և մենք բոլորս կրում էինք տարազ համերգների ժամանակ: Երբ նայեցի ինձ հայելու մեջ, իսկապես զգացի իրական հայկական ոգին: Դա ինձ հիշեցրեց իմ հայկական արմատների մասին. դա շատ զգացմունքային պահ էր, որ կմնա հիշողությանս մեջ»:
Նկարահանման ընթացքում մասնակիցները ոգևորությամբ ծանոթացել են հայկական տարազների ստեղծման պատմությանը, ազգային հագուստ կրելու առանձնահատկություններին, հագուստին ուղեկցող պարագաների բացահայտ և թաքնված իմաստներին:
Հիշեցնենք, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթին կներկայանա յուրահատուկ ձևաչափով և նոր ձևավորված խմբով:
«Genealogy» խմբում ազգությամբ հայ 6 արտիստներ են՝ երկրագնդի 5 աշխարհամասերից և Հայաստանից: Մայիսին կայանալիք երգի տոնին նրանք կկատարեն «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) երգը: