«Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի սաների ավարտական հանդեսը

Հունիսի 29-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն« կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Կենտրոնի Սբ. Մովսես Խորենացու անվան նախակրթարանի ավագ խմբի սաների ավարտական ցերեկույթը: Գեղեցիկ զարդարված դահլիճում տեղեր էին զբաղեցրել հոգևոր հայրերը, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ:

Վահագն և Լուսինե Աֆյանների բարերարությամբ ձեռք բերված գեղեցիկ համազգեստով զուգված փոքրիկները «Տերունական աղոթքի» փայլուն արտասանությամբ բացեցին հանդեսը և Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը ստանալուց հետո ցուցադրեցին իրենց գիտեցածը և սովորածը: Ի տարբերություն նախորդ միջոցառումներին, ներկաներին ողջունեցին և ողջ հանդեսը վարեցին իրենք՝ շրջանավարտները, ում շուրթերից հնչած Այբ-բեն-Գիմը, գեղեցիկ արտասանությունն ու երգը,խրոխտ պարը վեր էր սպասվածից:

Սբ. Մովսես Խորենացու անվան նախակրթարանի 16 շրջանավարտներից տասը նոր ուսումնական տարին սկսելու են հայկական դպրոցներում: Թիվ 104 հայկական դպրոցի տնօրեն տիկին Իրինա Ժամկոչյանը, Վրաստանում ՀՀ դեսպանորդ պարոն Վահագն Աֆյանը արժևորեցին սաների պատրաստվածության մակարդակը և նախակրթարանի ուսուցիչների՝ տնօրեն Եվգենյա Մարկոսյանի, երգի, պարի դաստիարակչուհիներ Լալա Գևորգյանի, Նարինե Ղուշչյանի, հոգևոր տեսուչ Գևորգ սարկավագ Անտոնյանի ներդրումը՝ լավ սովորելու, իսկական հայ մեծանալու ամուր հիմք և մեծ կարողություն ստեղծելու գործում:

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի բարերար, ռուսաստանաբնակ Բորիս Սաակովը, անթաքույց գոհունակությամբ ընդգծեց իր բարերարությամբ կառուցված «Հայարտուն» կենտրոնի ազգանվեր գործունեությունը, որտեղ մարդիկ ստանում են այն, ինչը իրենց հոգուն մոտ է ու հարազատ:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնության խոսքում բարձր գնահատեց նախակրթարանի գործունեությունը, բարձրաճաշակ և շքեղ հանդեսները, որոնք վկայում են հայկական ոգով, հայ մշակույթի շնչով մանուկ սերնդի դաստիարակությանը նախակրթարանի ուսուցիչների նվիրվածության մասին:

«Հայարտուն» կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ Նելսոն Պետրոսյանի տիկին Աննա Պետրոսյանը Սբ. Մովսես Խորենացու անվան նախակրթարանն ավարտելու վկայագրեր բաժանեց շրջանավարտներին, որից հետո երեխաները հյուրասիրվեցին տորթով:

Հավլաբարի «Սուրբ Էջմիածին» եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնոորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպիոս Միրզախանյանի հանդիսապետությամբ և լուսարարապետ Տեր Մանուկ Զեյնալյանի մասնակցությամբ կատարվեց նախակրթարանի սաների և նրանցից երկուսի ծնողների մկրտության արարողություն:

Վիրահայոց Թեմի մամլո դիվան

Scroll Up