Գլենդելի քաղաքապետական խորհրդի ընտրություններում նախնական տվյալներով հաղթում է Վարդան Ղարպետյանը

ԱՄՆ հայաշատ Գլենդել քաղաքում երեկ՝ ապրիլի 7-ին, անցկացվեցին քաղաքապետական խորհրդի անդամների ընտրություններ:

1in.am-ի փոխանցմամբ՝ առաջադրված 7 թեկնածուներից չորսը հայ են: Ընդ որում, նրանցից մեկին՝ Վարդան Ղարպետյանին, աջակցում էին տեղի և Դաշնակցություն, և Ռամկավար-ազատական ու Հնչակյան կուսակցությունները:

Նախնական տվյալներով՝ հենց Ղարպետյանն էլ հաղթել է այս ընտրություններում, քվեաթերթիկների վերջնահաշվարկը դեռ չի ավարտվել:

Մինչ այս պահն առաջին հորիզոնականում է Վարդան Ղարպետյանը, երկրորդում՝ Պաուլա Դևինը, երրորդում՝ Էրիկ Եսայանը: Ղարպետյանի և Պաուլա Դևինի ստացած ձայների տարբերությունը չնչին է, և եթե գոնե Գլենդելում հայերը միասնական գործեին և համախմբվեին մեկ՝ հաղթելու առավել մեծ հավանականություն ունեցող թեկնածուի շուրջը, ապա հենց նա էլ համոզված հաղթանակ կտաներ: Մինչդեռ այս ընտրություններում առաջադրված Էրիկ Եսայանը, այս ընտրություններում մշտապես առաջադրվող Շահե Կյուրողլյանը, քարոզարշավ ընդհանրապես չանցկացրած և Գլենդելի հայերին ընդհանրապես անծանոթ Էվելին Պողոսյանը զգալի թվով ձայներ են ստացել, այս դեպքում կարելի է ասել՝ «փախցրել» Վարդան Ղարպետյանից:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում Ղարպետյանը ներկայացրել է իր նախընտրական ծրագրի մի քանի կարևոր դրույթներ, ինչպես նաև վստահեցրել, որ ինքն անպայման հաղթելու է այս ընտրություններում:

Scroll Up