Լոզունգս, որ ԱՄՆ-ում ծնված մեր երեխաները չմոռանան մեր լեզուն ու մշակույթը.Գլենդեյլի քաղաքային խորհրդի հայ թեկնածու

ԱՄՆ-ում բնակվող երրորդ-չորրորդ սերնդի հայերի համար ամենահեշտ բանը ձուլվելն է, ուստի հարկ է պայքարել, որ այստեղ ծնված հայ երեխաները չմոռանան իրենց պատմությունը, լեզուն, 5000 տարվա մշակույթը: Tert.am-ի հետ զրույցում ասաց  երեք երեխաների հայր, Գլենդեյլում  ապրիլի 7-ին կայանալիք  Գլենդեյլի քաղաքային խորհրդի ընտրությունների հայազգի թեկնածու Վարդան Կարապետյանը:

«Գլենդեյլի հայազգի բնակչության 56 տոկոսը ծնվել է ԱՄՆ-ից դուրս, և  ես էլ նրանցից մեկն  եմ, բայց մեր երեխաները ծնվել են ԱՄՆ-ում և պետք է գիտակցեն իրենց հայրենիքը որն է, որտեղ է, իրենց պապիկներն ու տատիկներն ովքեր են: Մեր ձուլվելը շատ հեշտ է: Եվ իմ լոզունգն է, որ երեխաները, որ ծնվում են ԱՄՆ-ում ու ամերիկահայեր են, պետք չունեն, որ մեկը թողնեն ու մյուսը դառնան»,– ասաց Վարդան Կարապետյանը, ում թեկնածությունն այս ընտրություններում պաշտոնապես աջակցում է Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանը:

Հիշեցնենք, որ Գլենդելյը համարվում է ԱՄՆ-ում ամենամեծ համայնք ունեցող քաղաքներից մեկը և Գլենդեյլի բնակչության հիսուն տոկոսը հայեր են:
Ի պատասխան հարցի, թե իր նախընտրական ծրագրում ունի, այսպես կոչված, էթնիկ տարր՝ հատուկ քաղաքի հայազգի բնակչության համար, Վարդան Կարապետյանն ասաց, որ իր   հարաբերությունները համայնքի հետ այնպիսին է, որ  աշխատում է քվե ստանալ  հայ և ոչ հայ բնակիչներից՝ լինելով այն կարծիքին, որ «նա, ով ընտրվում է, պետք է ներկայացնի բոլոր բնակիչներին, ոչ միայն հայերին»:  Սակայն, իհարկե, հայազգի թեկնածուն չի կարող շրջանցել նման էթնիկ տարր ունեցող ծրագրերը:

«Եվ գալիս ենք  քաղաքում մեր  իրավունքները պաշտպանելու, որպեսզի հավասար լինենք  բոլորի հետ, ավելորդ մի բան չենք ուզում»,- ասաց հայազգի թեկնածուն՝ նշելով այն  ծրագրերը, որ տասը տարի  շարունակ քաղաքապետարանին կից տարբեր հանձնախմբերում աշխատելով՝ նախանշել է: Այն է՝ հայալեզու կրթական ու մարզամշակութային հաստատությունների ավելացում:

«Սրանք քաղաքապետարանի ծրագրեր չեն, այլ շահույթով չաշխատող  հանձնախմբերի աշխատանք, որոնց  պետք է օգնի քաղաքապետարանը, որպեսզի դրանք  ավելանան, որպեսզի մեր  երեխաների համար կարողանանք հայոց լեզվի ուսուցման համար պայմաններ ստեղծել»,- նկատեց Վարդան Կարապետյանը:

Նշենք, որ  «Մարիամյան» և այլ կրթական հաստատությունների միջոցով Գլենդեյլում   յուրաքանչյուր տարի ավելի քան  700 աշակերտ  դպրոցներում  հայերեն է սովորում:

Թեկնածուն չխոսեց իր մշակութային ծրագրերի մասին, սակայն նրա ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառումներից տեղեկանում ենք, որ ակտիվորեն աջակցում է  հայ մշակութային գործիչների մասնակցությամբ տարբեր մշակութային ծրագրերի ու անգամ՝ ֆիլմի իրականացմանը:

Գլենդեյլի բյուջե,  մահացու վթարները նվազեցնող երթևեկություն, բնակարանաշինություն, նոր աշխատատեղերի բացում. սրանք ևս  Լոս Անջելեսի երրորդ խոշոր քաղաքի՝ Գլենդեյլի ապրիլի 7-ին կայանալիք  քաղաքային խորհրդի ընտրությունների թեկնածու Վարդան Կարապետյանի նախընտրական ծրագրի   կետերն են:

Ասաց, որ զբաղվելու է   մեծահասակների հարցով, որպեսզի նրանց  մատչելի գներով բնակարաններ ձեռք բերելու հնարավորություն տրվի ու ավելացրեց. «Եվ ամենակարևորը՝ մեր երեխաների ապագան է,  որ կարողանան ապրել և իրենց ապագան կառուցել Գլենդեյլում»:

Վարդան Կարապետյանը ակտիվորեն ներգրավված է քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներին. մեկ տարի առաջ սկսված աշխատանքների արդյունքում արդեն իսկ ապահովվել է հողատարածք՝  Գլենդեյլում  թանգարան  կառուցելու համար:

Իսկ մի քանի օր առաջ էլ Վարդան Կարապետյանի օժանդակությամբ կազմակերպվել է դրամահավաք «Լիթլ Արմենիայից» դեպի Թուրքիայի դեսպանատուն գնալիք ամենամյա  բողոքի ցույցին կազմակերպչական խնդիրները հոգալու նպատակով:

Ի պատասխան հարցի, թե ԱՄՆ 50 նահանգներից 43-ի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևերի ընդունումն արդեն իսկ վկայում է, որ ԱՄՆ-ը մոտեցել է իր կողմից այն ամբողջությամբ ընդունելու եզրագծին, թեկնածուն ասաց. «Այո՛, բայց կարևոր է, որ կառավարությունն ու պրեզիդենտն ընդունեն, այդ խոսքն ասեն: Դեռ չեն արել, բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։

Scroll Up