Հայկական ծագումով արաբ խալիֆաներ

Մարտի 24-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության բաժնում տեղի ունեցավ դասախոսություն՝ «Հայկական ծագումով արաբ խալիֆաներ» թեմայով: Բանախոս Պետրոս Թովմասյանն ընդարձակ ձևով ներկայացրեց հայկական ծագումով խալիֆաներին, որոնց մայրերը կամ մեծ մայրերը հայ են եղել, Աբբասիների ժամանակաշրջանում նրանց դրական դերակատարության մասին:

Արաբ պատմագետների և պատմաբանների վկայություններով՝ նրանք իրենց ժամանակի քաջ, իմաստուն խալիֆաներն են եղել: Նրանք ևս շեշտում են մի շարք խալիֆանների մայրերի հայ լինելը:

Պետրոս Թովմասյանը նշեց, որ այս իրականությունը ցույց է տալիս դարերի ընթացքում հայ և արաբ ժողովուրդների միջև եղած սերտ հարաբերությունները և ընդգծում՝ արաբական քաղաքակրթության մեջ հայերի ունեցած ներդրումը:

Դասախոսությանը ներկա էին պատմական գիտությունների թեկնածու Վահան Տեր-Ղևոնդյանը, Արևելագիտության բաժնի Քրիստոնյա արևելքի բաժանմունքի վարիչ Ալեքսան Հակոբյանը, Արաբագիտության բաժնից՝ պատմական գիտությունների թեկնածու Արամ Գասպարյանը, ուսանողներ և հյուրեր:

Պետրոս Թովմասյանը 2 գրքի հեղինակ է՝ «Հայկական աշխարհը և Միջագետքը» (2006թ.) և «Արարատ-Ուրարտու. Աստվածաշնչի միջով» (2012թ.): Իսկ այսօրվա դասախոսության թեմայով գիրքն ընթացքի մեջ է:

Scroll Up