Հովսեփ Նալբանդյանի «Կյանքի շարունակվող շավիղները» հատորը
Ամերիկահայ գրագետ, հրապարակագիր, թարգմանիչ, հայ գրքի երախտավոր Հովսեփ Նալբանդյանը վերջերս լույս է ընծայել «Կյանքի շարունակվող շավիղները» գիրքը` նվիրված Եղեռնի զոհերի հիշատակին: Հատորում ամփոփված են հեղինակի տարաբնույթ հոդվածները, որոնք խտացնում են Նալբանդյան մարդու ու հայի 20 տարիների (1983-2002) անձնական ապրումները, ինչպես նաեւ` ազգային-ընկերային մտահոգություններն ու խորհրդածությունները: Նշենք, որ «Կյանքի շարունակվող շավիղները» հատորի յուրահատկությունը այն է, որ թեեւ հոդվածները, գրված տարբեր տարիներին, այսօր էլ չեն կորցրել իրենց կենսականությունն ու սրությունը: Այս հանգամանքը իրավացիորեն շեշտում է նաեւ գրքի առաջաբանի հեղինակը` բանաստեղծ եւ մշակութաբան Ռոմանոս Սահակյանը. «Թվում է` այս կամ այն օրագիրը պետք է նվիրված լինի նշված օրվա իրադարձությանը, այն ինչ դրանք հաճախ հեռահար նշանակություն են ձեռք բերում»:
Հիրավի, Հովսեփ Նալբանդյանի աշխատանքների յուրահատկությունը հենց հեռահար գիտական նպատակներն են, իսկ ավելի ստույգ` արեւմտահայ մշակույթի ռազմավարական պաշտպանությունը, որը խաթարված է»,- ինչպես գտնում է գրքի հեղինակը: Նրա կազմած եւ հեղինակած գրքերը` «Լույս» հանրագիտակի վեց հատորները, ամերիկահայ գրքի, բառարանների համառոտ մատենագիտական պատմության բծախնդրորեն կատարված աշխատանքը, հայոց լեզվին, Մեսրոպ Մաշտոցին նվիրված ալմանախների կազմումը, գրքեր, որոնք բավական տարածում են գտել ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլեւ Մերձավոր Արեւելքում եւ հատկապես` Հայաստանում: Այս հատորում եւս Հ. Նալբանդյանի ուշադրության կենտրոնում հայապահպանության խնդիրներն են:
«Այսպես շարունակել կարելի չէ» հոդվածում, օրինակ, նրա խոսքը նախեւառաջ սթափության կոչ է` ուղղված հայության երկու հատվածներին: Հեղինակի համար երկրորդական են թվում կուսակցական, հատվածական մոտեցումները, երբ Սփյուռքն անդառնալի շարունակական կորուստներ ունի. փակվում են դպրոցներ, ակումբներ, Սուրիայից, Իրանից եւ Լիբանանից հազարավոր հայ ընտանիքներ արտագաղթում են դեպի ԱՄՆ եւ Կանադա, փրթում է կապը հայկական արմատի հետ: Նա հիշեցնում է պատմության դառը փորձը, երբ Լեհաստանում, շուրջ հարյուր հազար հայեր, չունենալով դպրոց եւ եկեղեցի, կորցրին լեզուն եւ արագ ձուլվեցին: Հ. Նալբանդյանը համոզված է, որ նման ընթացքով, համակարգված հայապահպան ծրագրի բացակայության պայմաններում, Սփյուռքը կարող է գոյատևել 20-25 տարի միայն:
Հ. Նալբանդյանը նաեւ Մշակութային Հայաստանի արժեհամակարգը որդեգրած մտավորականն է, ով իր հոգեւոր ուսուցիչների` Վ. Տերյանի, Վ. Թեքեյանի, Վ. Շուշանյանի, Մ. Իշխանի նման հայոց լեզուն դիտարկում է որպես ազգային կեցության նախապայման: Ընդ որում, ըստ Հ. Նալբանդյանի, վտանգված է ոչ միայն արեւմտահայերենը, այլեւ արեւելահայերենի անաղարտությունը, որը խճողված է օտարաբանություններով: Ընդգծենք, որ այս տագնապները գրագետին ուղեկցում են դեռեւս Երեւանի պետական համալսարանի ուսանողական նստարանից եւ հնչեղություն ստանում նաեւ մեր օրերում: Հ. Նալբանդյանը նաեւ գրականագիտական որոնումների հետամուտ հեղինակ է. նա երբեմն մեր առջեւ բացում է նաեւ մեզ ծանոթ դեմքերի անծանոթ կողմերը: Հիշատակելի են հատկապես Պարույր Սեւակին, Հակոբ Պարոնյանին, Գրիգոր Զոհրապի, Հակոբ Կարապենցի արժեւորումները: Ինչ մնում է Հայոց ցեղասպանության գնահատության խնդիրներին, ուշագրավ է 85-ամյակի առթիվ գրված «Քանի՞ հոգի գիտի» հոդվածը, որտեղ Հ. Նալբանդյանը ամփոփում է այդ ճանապարհին մեր մշակութային եւ հրապարակագրական դաշտում կատարված հսկայական աշխատանքները: Ամենից կարեւորը սթափ գնահատություններն են եւ պատմության իմաստավորված ճանաչողությունը, որ բերում է լրջմիտ գիտնական գրագետը: «Կյանքի շարունակվող շավիղները» գիրքը նաեւ ընթերցողի համար համաշխարհային մշակույթի հետ առնչվելու հնարավորություն է. Հովսեփ Նալբանդյանը հետաքրքրասեր ճամփորդ է, ով մեկ պատմում է Արեւելքի հազար ու մի հրաշալիքներից, մեկ էլ հանկարծ հայտնվում ճապոնական եւ արաբական գրականության` մինչեւ այսօր մեզնից շատերի համար անծանոթ բավիղներում: Մաղթենք հեղինակին գրչի բեղունություն` առաջնորդելու ընթերցողին հայ եւ համաշխարհային մշակույթների նոր ու «շարունակվող շավիղներում:
Նելլի Թադևոսյան, «Սփյուռք» Գիտաուսումնական Կենտրոնի լրատվություն