Թուրքիայում ստորագրահավաք է սկսվել Մուշի հայկական տները պահպանելու համար

Պատմական հայկական տների ոչնչացումը Մուշում կանխելու նպատակով Թուրքիայում էլեկտրոնային ստորագրահավաք է սկսել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական imzakampanyam.com կայքում տեղ գտած հաղորդագրության մեջ նշվում է, որ այսօր Թուրքիայում հաշվեհարդար են տեսնում բոլոր այն հնագույն ազգերի հետ, որոնց «հարցերը մնացին չլուծված 1915 թվականից հետո»:

«Հայերը, հույները, ասորիները համակարգված կերպով կոտորածի են ենթարկվում: 1915 թվականի ցեղասպանությամբ սկսված գործընթացն այսօր շարունակվում է որպես մշակութային և տնտեսական ցեղասպանություն»,- նշվում է հաղորդագրության մեջ: Ստորագրահավաքի կազմակերպիչներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել այն փաստի կապակցությամբ, որ Մուշում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հայկական պատմական տները ցանկանում են ավերել և տալ TOKI շինարարական ընկերությանը: «Սրա նպատակն առավելագույն շահույթ ստանալն է, ինչպես նաև հավաքական հիշողությունը ոչնչացնելը: Քեմալականությունը ցանկանում էր հայ ժողովրդի բնակավայր հանդիսացող այս տարածաշրջանում ջնջել հայ ժողովրդի բոլոր հետքերը: Այժմ նույնն անում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը»,- նշել են կազմակերպիչները` հավելելով, որ հատկապես Մուշում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, ինչպես նաև քրդական կուսակցություններն անելու շատ բան ունեն: Նրանք նախազգուշացրել են, որ տարիներ անց թուրքական իշխանությունները նույնը կարող են անել քուրդ ժողովրդի հանդեպ: «Մշակույթ ոչնչացնելը մարդկություն ոչնչացնել է նշանակում: Սա պատմական կոտորած է:

Հանուն ժողովուրդների եղբայրության և հավասարության դու էլ քո ստորագրությամբ կանխիր այս կործանումը»,- այսպես է եզրափակվում հաղորդագրությունը: Մուշի հայկական պատմական ժառանգությունը պահպանելու նպատակով սկսված ստորագրահավաքի մասնակիցները նպատակ ունեն հավաքել 10 հազար էլեկտրոնային ստորագրություն:

armenpress.am

Scroll Up