Կանադայում կստեղծվի Հայոց ցեղասպանությունը վերապրածների իրերի առցանց թանգարան

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կանադայի հանձնախմբի կրթադաստիարակչական ծրագրերից մեկն է ստեղծել Հայոց ցեղասպանությունը վերապրածների իրերի առցանց թանգարան (online museum)՝ «Հարյուր վերապրած իր՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի համար» կարգախոսով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը` վկայակոչելով «Հորիզոն»-ը, ծրագիրը Կանադայի հայ դպրոցներում սկսվել էր նախորդ տարվա օգոստոսին: Աշակերտական խումբը փնտրել է գրքեր, զարդեր, լուսանկարներ, բացիկներ, գորգեր ու կարպետներ, որոնք 1915թ. ցեղասպանությունը վերապրածները սերնդեսերունդ փոխանցելով` հասցրել են մեզ: Որպեսզի թանգարանի ցուցանմուշների թիվն աելանա, հանձնախումբը նախատեսել է օրեր, երբ հայ համայնքի ներկայացուցիչները կարող են այցելել Մոնրեալի Սուրբ Հակոբ վարժարան եւ թողնել իրենց իրերը: