Թուրքիան փախստականների ավան է կառուցել 20 հազար հայերի կոտորածի վայրում

«Իսլամական պետություն» խմբավորումից փախչելով թուրքական Սուրուչ բնակավայր հասած Քոբանիի բնակիչների համար Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը փախստականների ճամբար է կառուցել ճիշտ այն վայրում, որտեղ ժամանակին հազարավոր հայեր են կոտորվել: Այս մասին գրում է armeniangenocide100.org-ը:

Թուրքական T24 կայքի հաղորդմամբ, Սուրուչ բնակավայրում ապրող ազգությամբ հայ Բոզան Դեմիրն ու Իբրահիմ Հալիլ Քայան, ինչպես նաև ազգությամբ քուրդ Հաքքի Ֆըրաթը պնդում են, որ Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության կողմից Ուրֆայի ճանապարհին փախստականների ճամբար է ստեղծվել ճիշտ այն վայրում, որտեղ 1895 թվականին Օսմանյան Աբդուլ Համիդ 2-րդի կազմակերպած ջարդերի ժամանակ Էրզրումից, Երզնկայից, Մանազկերտից, Սըվասից, Մուշից աքսորված 20 հազար հայեր են կոտորվել:

Նրանք նշել են, որ ժամանակին այդ ճամբարում իրենց հազարավոր ազգակիցներ են սպանվել, իսկ ողջ մնացածներն անցել են Քոբանի:

Իբրահիմ Հալիլ Քայան նշել է, որ Օսմանյան կայսրության տարիներին հայերի հանդեպ մեծ անարդարություններ են տեղի ունեցել: «Մեր ծնողները մեզ պատմել են, որ 1895թվականին հայերն իրենց տներից տեղահանվել են ու աքսորվել: Ճանապարհներին սովից, ծառավից, սպանդից փրկվածները ցրվել են աշխարհով մեկ: Ճիշտ այնպես, ինչպես այժմ Քոբանիի կանայք են ճարահատ, այդպես են եղել հայ կանայք: Այս տարածքը նրանց ոսկորներով է լի»,-ասել է նա:

Սուրուչի ճամբարը Թուրքիայում սիրիացի փախստականների ամենամեծ ճամբարն է: Այստեղ ապաստան են գտել մոտ 35 հազար մարդ:

Scroll Up