Կարծիքներ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի մասին
Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում աշխատել ու կոմիտեի հետ համագործակցել են անվանի շատ մարդիկ: Ներկայացնում ենք նրանցից մի քանիսի կարծիքները, որոնք հնչեցին Կոմիտեի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ, որը նախաձեռնել էր ՀՀ սփյուռքի նախարարությունը:
Ռազմիկ Դավոյան (բանաստեղծ) – Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի ստեղծումը հայ իրականության մեջ մեծ նշանակություն ունեցավ: Այն նաև կարևոր հետք թողեց իմ կյանքում: Կարող եմ ասել, որ կյանքիս լավագույն տարիներն անցկացրել եմ Կոմիտեում: Աշխատում էի մամուլի բաժնում՝ որպես ավագ խորհրդական: Շփվելով Վարդգես Համազասպյանի, Անդրեյ Մարտիրոսյանի և այլոց հետ՝ հարստացրի կենսափորձս:
Մեդեա Աբրահամյան ( թավջութակահարուհի, ՀՀ ժող. արտիստուհի) – Սփյուռքի կոմիտեն ստեղծվեց դժվարին ժամանակաշրջանում, կարելի է ասել՝ կյանքի կոչվեց պատմության թելադրանքով: Միշտ սեր ու հարգանք էր տիրում կոմիտեում, մարդիկ շատ ջերմ էին միմյանց նկատմամբ: Երբ գնում էինք Սփյուռք ելույթներ ունենալու, դա արդեն իսկ մեծ երջանկություն էր բոլորիս համար: Միշտ ժպիտով եմ հիշում այդ օրերը:
Արման Նավասարդյան (արտակարգ և լիազոր դեսպան) – Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն իր տեսակի մեջ եզակի էր: Նրա ամենամեծ առաքելությունը Սփյուռքը և Հայաստանը մերձեցնելն էր, ինչն էլ կոմիտեն պատվով կատարեց: Այնտեղ ազնվաբարո մարդիկ էին հավաքված, ովքեր իրենց անկաշառ գործունեությամբ կհիշվեն երկար տարիներ:
Ռուբեն Մաթևոսյան (երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ) – Սփյուռքի կոմիտեն դարձավ այն ծաղկեպատումը, որը հարթեց իմ ճանապարհը աշխարհի բոլոր միջօրեականներում: Բեմական գործընկերուհուս՝ Ռաիսա Մկրտչյանի հետ շրջագայել ու բազում համերգներ ենք ունեցել տարբեր համայնքներում: Միշտ կարևորել եմ կոմիտեի առկայությունը, և հիմա անվարան կարող ենք ասել, որ ՀՀ սփյուռքի նախարարությունն իր գործելակերպով Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի իրավահաջորդն է: