Բակո Սահակյանը Փարիզում այցելել է համաեվրոպական հեռախոսամարաթոնի գլխավոր գրասենյակ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/11/01204.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին աշխատանքային այցով ժամանել է Փարիզ:
Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2014»-ի շրջանակներում համաեվրոպական հեռախոսամարաթոնը կազմակերպող գլխավոր գրասենյակ:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի գրասենյակի ողջ անձնակազմին` մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանի գլխավորությամբ, բոլոր կամավորներին, ովքեր անմիջական մասնակցություն են ունենում հեռախոսամարաթոնին:
Երկրի ղեկավարը Ֆրանսիայի հայ համայնքը համարել է Սփյուռքի ամենակազմակերպված հատվածներից մեկը, որը միշտ յուրահատուկ ակտիվությամբ է հանդես եկել Արցախին սատարելու, Հայրենիք-Սփյուռք կապերն ամրապնդելու եւ համազգային ծրագրերն իրականացնելու գործում:
Նախագահին ուղեկցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, մի խումբ պետական պաշտոնյաներ: