Բուդապեշտում մեկնարկեց «Երիտասարդական աշխատանք՝ հանուն խաղաղության» համահայկական ուսուցողական ծրագիրը

Նոյեմբերի 17-ին մեկնարկել ու մինչև 23-ը Եվրախորհրդի Բուդապեշտի երիտասարդական կենտրոնում շարունակվելու է Y-work for Peace համահայկական երիտասարդական ուսուցողական ծրագիրը, որը կազմակերպել է Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը (Ոստայն)՝ Եվրախորհրդի աջակցությամբ:
Ծրագիրը համախմբել է Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Բելգիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Չեխիայի, Նիդերլանդների, Ավստրիայի, Կիպրոսի, Հունգարիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Ղազախստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Կոսովոյի, Բոսնիա և Հերցեգովինայի 31 երիտասարդ ներկայացուցիչների: Ոչ ֆորմալ կրթության միջոցով մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ հակամարտությունների հաղթահարման ուղիների, երիտասարդական աշխատանքի, միջազգային կառույցների ու ծրագրերի, տարբեր բնագավառներում Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման հեռանկարների մասին:
Այսօր “Y-work for Peace” (Երիտասարդական աշխատանք՝ հանուն խաղաղության) խորագրով ուսուցողական ծրագիրը բացեց Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնի նախագահ Ատոմ Մխիթարյանը: Նա պատմեց Ոստայնի նախապատրաստական աշխատանքների մասին, ներկայացրեց դասընթացավարներին, Ոստայնի անդամ-կազմակերպություններին: Երիտասարդներին ողջունեց ու նրանց աշխատանքներին հաջողություն մաղթեց Եվրախորհրդի երիտասարդական կենտրոնի փոխտնօրեն Բալինթ Մոլնարը, ով կարևորեց երիտասարդական նախաձեռնությունների դերը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացներում:
Մասնակիցներին տեսաուղերձով ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, իսկ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրամյանը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը հղել էին իրենց ուղերձները՝ քաջալերելով երիտասարդներին համատեղ անցկացնել արդյունավետ ծրագիր և դառնալ խաղաղության դեսպաններ իրենց երկրներում :
Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը (ՈՍՏԱՅՆ) հիմնադրվել է 2006 թվականին, Երեւանում: ՈՍՏԱՅՆ-ը միավորում է հայկական երիտասարդական 32 կազմակերպությունների Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Էստոնիայից, Նիդերլանդներից, Գերմանիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Հունգարիայից, Շվեդիայից, Կիպրոսից և Շվեյցարիայից:
ՈՍՏԱՅՆ-ի նպատակն է՝ բարձրացնել սփյուռքում գործող երիտասարդական կազմակերպությունների ու երիտասարդների դերն իրենց համայնքներում, խթանել նրանց մասնակցությունը ժողովրդավարական քաղաքացիության և որոշումների կայացման գործընթացներում, զարգացնել և ամրապնդել երիտասարդության ոլորտում Հայրենիք-Սփյուռք գործակցությունը: