Աշխարհի ամենատարօրինակ լեզուները. Հայերենն առաջին տասնյակում է
Եվրոպական 33 լեզու լրջորեն վտանգված է, որից 13-ն անհետացման եզրին է, գրում է PanARMENIAN.Net-ը բրիտանական The Independent-ի վրա հղումով: Պարբերականն օգտվել է միջազգային տեղեկատվական զբոսաշրջային Gouero պորտալի տվյալներից, որը ՅՈւՆԵՍԿՕ-ի տեղեկատվության հիման վրա բերում է այն եվրոպական լեզուների ցանկը, որոնք որակված են որպես «անհետացող» կամ «վտանգված»: Առաջինների թվին են դասվում այն լեզուները, որով խոսում են ավագ սերնդի առանձին ներկայացուցիչներ, այն դեպքում, երբ նրանց երեխաներն արդեն չեն հասկանում նրանց: Երկրորդ խմբին են դասվում այն լեզուները, որով խոսում են ավելի երիտասարդ մարդիկ, բայց միայն հազվադեպ:
Ամենածանր վիճակում է գերմաներենի անհետացման եզրին գտնվող գոթշեյի բարբարռը, որով խոսում է Սլովենիայի Կոչեվիե քաղաքում ապրող գոթշեյցի գերմանացիների քիչ ուսումնասիրված փոքրաթիվ խումբը: Հայտնի չէ այդ լեզվի կրողների թիվը:
Այսօր ընդամենը 6 մարդ է խոսում քարաիմյան լեզվի գալիչյան բարբառով, որը ժամանակին տարածված էր Ուկրաինայի արևմուտքում:
Մնացել է վոդերենի ընդամենը 20 կրող, որով խոսում է ՌԴ Լենինգրադի մարզի Կինգիսեպի շրջանում բնակվող վոդ ազգությունը:
Լրջորեն վտանգված է նաև քիլդական սաամի լեզուն, որը տարածված է Կոլի թերակղզու կենտրոնական մասում, որով, ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի տվյալների, խոսում է 787 մարդ:
Երկու ցուցակներում ընդգրկված է ֆրանսաբնակ 8 ազգության լեզու, բրիտանական՝ 4, շվեդական՝ 3, ինչպես նաև Խորվաթիայում, Բուլղարիայում, Իտալիայում, Հունաստանում, Գերմանիայում, Ֆինլանդիայում, Նորվեգիայում ու Լատվիայում ապրող էթնոսների լեզուներ:
2013 թ. ամերիկյան լեզվաբանական պրոցեսինգային Idibon ընկերությունը փորձել է պարզել, թե որ լեզուներն են «տարօրինակ»: Ընկերությունն օգտվել է Աշխարհի լեզուների կառուցվածքային ատլասիc (WALS): Ատլասի վարկանշում է 2676 լեզու ըստ լեզվի ձևաբանական հատկանիշների: Հաշվի են առնված բառերի դասավորությունը, հնչյունների տեսակները, ժխտման կառուցման առանձնահատկությունները և շատ այլ գործոններ՝ ընդհանուր առմամբ 192 ցուցանիշ:
Idibon-ի հետազոտողները փորձել են պարզել, թե որ լեզուներն են աչքի ընկնում անսովոր հատկությունների առավելագույն քանակով, այսինքն ի հայտ բերել այն յուրահատկությունները, որոնք հատուկ են միայն սակավաթիվ լեզուների: Օրինակ, բառերի դասավորության ենթակա-ստորոգյալ-խնդիր կառուցվածքն առկա է լեզուների 35,5 տոկոսում: Միևնույն ժամանակ լեզուների միայն 8,7 տոկոսին է հատուկ նախադասությունը բայից սկսելը: Օրինակ, դա հատուկ է վալլական, հավայան և մայանգ լեզուներին: Ուստի նախադաս բայով նախադասությունները լեզվաբանական տեսակետից անսովոր կթվան:
Սկզբից հետազոտողները 165 առանձնահատկություն էին առանձնացրել, որոնվ գնահատվում էր լեզվի «տարօրինակ» լինելը: Սակայն բարդ մեթոդաբանության պատճառով, հետազոտողները ստիպված եղան սահմանափակվել 21 առանձնահատկությամբ:
Լեզվի տարօրինակության վարկանիշը միջին ցուցանիշ է ըստ 21 եզակի կառուցվածքային առանձնահատկությունների:
Աշխարհի մյուս լեզուներից առավելապես տարբերվող լեզուն մեքսիկական միշտեկ լեզվի Չալկատոնգոյի բարբառն է, որով ընդամենը վեց հազար մարդ է խոսում Մեքսիկայի հարավի Իախակա գավառում: Այս լեզուն տարօրինակ է համարվել, քանի որ պատմողական և հարցական նախադասություններն այստեղ ոչնչով, նույնիսկ հնչերանգով չեն տարբերվում:
Երկրորդը ցուցակում նենեցների լեզուն է, որին տիրապետում է ՌԴ 22 000 բնակիչ Սիբիրի տարածքում: Երրորդը չոկտաու լեզուն է, որով խոսում է ԱՄՆ Օկլահոմա, Միսիսիպի, Լուիզիանա և Թենեսի նահագներում բնակվող մոտ 10 հազար հնդկացի:
Հետազոտողներն ամենատարօրինակ լեզուների թվին են դասել նաև գերմաներենը, հայերենը, հոլանդերենը, նորվեգերենը, չեխերենը, իսպաներենն ու մանդարինը: Անգլերենը ցուցակում 33-ն է:
Տարօրինակություններից գրեթե զերծ է համարվել հինդին, որը ցուցակի 239 հորիզոնականում է՝ այն տարածված է Հնդկաստանի առավելապես հյուսիսային և կենտրոնական շրջաններում և մայրենի է համարվում շուրջ 500 մլն մարդու համար և երկրորդ լեզուն է ևս 120-220 միլիոնի համար:
Ամենաանսովոր լեզվական առանձնահատկությունները
• Պապուա-Նոր Գվինեայի բնակչությունը խոսում է 500 տարբեր լեզուներով, ինչը կազմում է աշխարհում տարածված լեզուների մոտ 10 տոկոսը: Նման բազմազանությունը բացատրվում է նրանով, որ մարդիկ այստեղ ապրում են լեռներով իրարից անջատված հովիտներում, ուստի հազվադեպ են հանդիպում:
• Աշխարհի ամենադժվար լեզվի՝ տաբասարաներենի կրողներն ապրում են Դաղստանում: Այլ բարդություններից զատ այդ լեզուն 48 հոլով ունի:
• Խաղաղ օվկիանոսի կղզիներում կան ազգություններ, որոնք կարող են ասել միայն «իմ եղբայրը« կամ «քո հայրը»: Նրանք չեն կարող ուղղակի ասել եղբայր կամ հայր:
• Չուկչաների, նենեցների լեզվում չկա «ձյուն» բառը, փոխարենը կան բազում բառեր ձյան առանձին տեսակների համար:
• Եթե չինացին 5 անգամ արտասանի նույն «մա» վանկը, բայց տարբեր հնչերանգներով, կստացվի հետևյալ արտահայտությունը՝ օգնեք ձիուն, կատաղած շուն է վազում:
• Հյուսիսային նիվխե ժողովրդի լեզվում երկար առարկաների համար գոյություն ունի մեկ թվական, կարճերի համար՝ մեկ ուրիշը, իսկ կլորների համար՝ երրորդը:
• Նոր Գվինեայի արշիպելագներից մեկի բնակիչներն անվանում չունեն սև գույնի համար: Փոխարենը բազում բառեր ունեն տարբեր երանգների համար: Օրինակ, «ագռավի պես», «այսինչ ծառի սև ածխի նման»:
• Ժամանակակից ուելսերենում այդպես էլ բառ չհայտնվեց շագանակագույնի համար:
• Կուպերի գովերգած հյուսիսամերիկացի դելավերների լեզվում կա «նադխոլինեեն» հրամայական բայը, որը նշանակում է «փնտրեք մեր նավը»:
• Ավստրալացի բնիկների լեզվով չի կարելի ասել՝ բլրի վրա ծառ է, ծառի՝ վրա թռչուն: Ավստրալացին անպայման կնշի ծառատեսակն ու թռչնի տեսակը. բլրին էվկալիպտ է, տակը՝ էմու:
Եվ վերջում. ամենաանսովոր լեզուներից է սուլոցի լեզուն: Քսենոլինգվիստները նույնիսկ փորձել են դասել այն այլմոլորակային լեզուներին: Հոմերյան սուլոցը լեզու է, որը մինչ օրս օգտագործվում է Կանարյան կղզիներում: Այն համարվում է կղզու այցեքարտերից մեկը, այն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական ժառանգության ցանկում: Լեզուն շատ տարածված էր նախորդ դարի կեսերին, սակայն լավ ճանապարհներն ու հեռախոսները, հատկապես բջջային, անկման պատճառ դարձան: Այժմ լեզուն վերածնվում է և պարտադիր առարկա է տարրական դասարաններում: