«Art of Duo» -ի դեբյուտային ձայնասկավառակի համերգ-շնորհանդեսը՝ Բրյուսելի «Հայ տուն» մշակութային կենտրոնում

Նոյեմբերի 9-ին, ժամը  19։00-ին, Բրյուսելի «Հայ  տուն» մշակութային կենտրոնում տեղի կունենա «Art of Duo» նախագծի դեբյուտային ձայնասկավառակի համերգ-շնորհանդեսը: Նախագիծը հիմնել են ամուսիններ Հրայր Կարապետյանը եւ Հասմիկ Մանուկյանը՝ 2008թ.-ին՝ նպատակ ունենալով ներկայացնելու ջութակ-դաշնամուր դուետի համար գրված համաշխարհային դասական, ինչպես նաեւ ժամանակակից ստեղծագործությունները։

Հասմիկը՝ դաշնակահար է, Հրայրը՝ ջութակահար։ Երաժշտական կրթություն ստանալով Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ 2012թ․-ից մասնագիտական կրթությունը շարունակում են Բելգիայում՝  «LUCA» արվեստի դպրոցում։

Դուետը վարպետության դասընթացներ է ունեցել Էդուարդ Թադեւոսյանի, Սուսաննա Երիցյանի, Սուրեն Զաքարյանի, Գայանե Հովհաննիսյանի, Ալան Վայսի, Չայմ Թաուբի, Գայ Բրաունշտեյնի եւ այլոց հետ:

Նախագծի շրջանակներում հանդես են եկել Հայաստանում, Ռուսաստանում, Բելգիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Իտալիայում։

Նախագծի առաջին ձայնասկավառակը, որը ընդգրկում է Էդուարդ Գրիգի թիվ 3 եւ Առնո Բաբաջանյանի սոնատները՝ ջութակի և դաշնամուրի համար, Բելգիայի երաժշտասեր հասարակությանը կներկայացվի նոյեմբերի 9-ին:

« «Art of Duo» նախագիծը հիմնեցինք, երբ դեռ սովորում էինք Երեւանում՝ Կոնսերվատորիայի 2-րդ կուրսում:  Սկզբում համերգներով հանդես էինք գալիս Հայաստանում:  Ժամանակի ընթացքում հրավերներ ստացանք տարբեր երաժշտական փառատոներից եւ ընդլայնեցինք մեր դուետի համերգային գործունեությունը» ,- «Հայերն այսօրի»  հետ զրույցում ասաց Հրայրը:

«Ձայնասկավառակը կրում է նախագծի անունը:  Երկու սոնատն էլ պարունակում են ազգային երաժշտության տարրեր: Նպատակներից մեկը Բաբաջանյանի սոնատը ունկնդրին հանրամատչելի դարձնելն է, քանի որ այս սոնատն ունի շատ քիչ ձայնագրված տարբերակներ։ Ձայնասկավառակը նվիրված է հորս՝ Հայկ Կարապետյանի հիշատակին(«Հայերն այսօրի» նախկին գլխավոր խմբագիր)»,- նշեց նա:

«Art of Duo» -ն   համագործակցում է եվրոպական և հայկական կառույցների և ուսանողական միավորումների հետ:  «Նոյեմբերի 9-ին կայանալիք ձայնասկավառակի շնորհանդեսի կազմակերպչական հարցերում մեզ շատ մեծ աջակցություն է ցուցաբերում Բելգիայի «Հայասա» հայ ուսանողական միավորումը»,- հավելեց Հրայրը:

Scroll Up