Հալեպի հայաշատ թաղամասերում իրավիճակը հանգիստ է, բնակիչները պատրաստվում են ձմռան

Հալեպում, մասնավորապես հայաշատ թաղամասերում իրավիճակն ավելի հանդարտ է, սակայն անկայուն վիճակը շարունակվում է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը՝ ավելացնելով, որ կենցաղային և այլ դժվարությունները մշտապես առկա են: Ջրամատակարարման վերաբերյալ աղբյուրը տեղեկացրեց, որ ջուրը ոչ երկար ժամանակով կտրվում է, սակայն այժմ ջրի սուր տագնապ քաղաքում չի նկատվում, իսկ էլեկտրական հոսանք օրվա ընթացքում մի քանի ժամ է լինում:

Աղբյուրը նաև նշեց, որ եղանակը Հալեպում սկսել է ցրտել: Կառավարությունը 200-ական լիտր վառելանյութ է բաժանել բնակիչներին` չնայած շատերն ի վիճակի չեն եղել վճարել վառելանյութի գինը:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 3-ի ուշ գիշերին, Հալեպի հայաշատ Ջալաա թաղամասը հրթիռակոծությունների թիրախում էր հայտնվել: Հրթիռակոծության հետևանքով նյութական լուրջ վնասներ էին արձանագրվել:

Աղբյուրի տեղեկացմամբ, նոյեմբերի 3-ի երեկոյան Հալեպի տարածքում 6 օրվա ընդհատումից հետո համացանցը վերսկսել է գործել:

Սիրիայում 3,5 տարի շարունակվող բախումների զոհ է դարձել մոտ 200 հազար մարդ, զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը:

Scroll Up