Կարինե Խոդիկյան. դիմանկար. ինքն իր հետ եւ իր մասին

Տե՛ր Աստված, կյանքը նոր է սկսվում

Ամեն օրը ապրում եմ նոր կյանքի զգացումով: Երիտասարդ տարիներին այս զգացումը չունեի, նույնիսկ եղավ մի ժամանակ, երբ արթնանում էի «համաշխարհային թախիծը» ուսերիս: Բայց ժամանակի ընթացքում սկսում ես գնահատել կյանքը, օրվա տարբեր անակնկալները, որոնք եթե իրենց հետ բերում են դառնություն ու հիասթափություն, բայց նաև`հաճելի պահեր, ինչպես ընտանեկան ջերմությունը և հարազատիդ ժպիտը: Քնելուց առաջ  օրվա հետ  «հաշիվներս փակում եմ»,  հիշում եմ` այդ օրը ինչ է եղել.  թեկուզ ակամա, բայց  մեկին ցավ եմ պատճառել, սխալ խոսք եմ ասել կամ ինչ-որ  բան այն չեմ արել…  մտածում եմ` վաղը կամ մեկ ուրիշ օր հարկավոր է ուղղել, հարթել: Իսկ առավոտյան ասում եմ. «Տե՛ր Աստված, փա´ռք քեզ, կյանքը նոր է  սկսվում»:

Ես ու իմ  «Ես»-ը

Ինքնակերության լավագույն դասական օրինակ եմ: Բայց դժգոհող չեմ: Քչով բավարարվող եմ, թեև եթե շատը լինի, հիանալիորեն  կվայելեմ նաև այդ շատը: Դա նույնպես պիտի կարողանաս՝  շատը վայելել, քչով  բավարարվել: Երբ հարազատներիս, մտերիմներիս ու ընկերներիս հետ եմ, ինքս ինձ հետ շատ հաշտ եմ: Իմ անհաշտությունը սկսվում է, երբ մենակ եմ մնում: Գուցե դա  է պատճառը,  որ շատ եմ սիրում ու գնահատում  իմ մենակությունը: Այնտեղ եմ  ստեղծել իմ «տարածքը»,  որը միայն իմն է,  և ոչ մեկին, անգամ ամենահարազատին, թույլ չեմ տալիս մտնել այդտեղ:  Բայց այդ տարածքում տեղի ունեցող մակընթացություններն ու տեղատվությունները,  տանելն ու բերելը, մուտքն ու ելքը  դառնում են այն գրվածքը, որը ընթերցողի սեղանին է: Հետաքրքիր է, չէ՞,  ոչ մեկին թույլ չեմ տալիս մտնել այդ տարածք, բայց այնտեղ կատարվածի մասին ամեն ոք կարող է իմանալ ստեղծագործություններիս միջոցով: Իմ «ես»-ի հետ հաշտ եմ այնքանով,  որ ապրում եմ այնպես , ինչպես պիտի ապրեմ նաև ա՛յս պահին: Հաշտ եմ ինքս ինձ  հետ այնքանով, որքանով անհաշտ եմ իրականության, շրջապատում կատարվող աբսուրդի հետ:

Արտաքին ու ներքին աշխարհի օրենքները

Իմ «տարածքում» կա, մնացել է մանկությունիցս եկող չարաճճիությունը: Եթե իրական կյանքում կատարվող դեպքերն ինձ չեն զարմացնում, քանի որ «մեծավարի» մտածում եմ, որ այդպես էլ պետք է լինի, իմ աշխարհում ամեն ինչի վրա զարմանում եմ.  դեռ չեմ դադարել զարմանալուց: Եթե ապրած տարիներս կարող են հարց տալ` սեր կա՞ առաջին հայացքից, ապա  իմ «տարածքում» հաստատ գիտեմ, որ կա, ինչպես և՛ սիրո ցավ կա, և՛ բաժանումի ծանրություն, և՛ համբույրի գլխապտույտ:  Ապրում եմ իրական կյանքի օրենքներով` համակերպվելով կամ չհամակերպվելով:  Իսկ իմ «տարածքում» ես եմ տերն ու տիրակալը, ունեմ իմ օրենքները, ինչին ուզում` հավատում եմ,  լինում է այնպես, ինչպես ես եմ ուզում, սակայն անգամ այստեղ երբեմն պատահում է՝ չեմ ուզում,  բայց լինում է: Երբեմն իմ կերպարները դուրս են գալիս իմ «հսկողութունից» և  սկսում իրենց օրենքներով ապրել: Երբ կերպարները սկսում են ինձ չլսել, հասկանում եմ` պիեսը կստացվի :

Իմ գործերում այնպիսին եմ, ինչպիսին ուզում եմ լինել

Կոնկրետ ստեղծագործություն, որտեղ ես եմ, չկա: Բայց որևէ մեկը, եթե կարդա  գործերս,  կծանոթանա իմ կերպարի հետ: Մի պիեսում ազատ, անկանխատեսելի եմ, մեկ այլ տեղ՝ արկածախնդիր… Իմ գործերում այնպիսին եմ, ինչպիսին ուզում եմ լինել:  Ընտանիքս այն հանգրվանն է, որից հեռու ինձ չեմ պատկերացնում, բայց իմ պիեսում   կինը կարող է տնից փախչել, հեռանալ՝ թեկուզ  ժամանակավոր, մի քանի օրով:

Սեր մերձավորի հանդեպ

Կյանքի ամենամեծ գաղտնիքը սերն է մերձավորի հանդեպ: Ես կարող եմ սիրել:  Գալիս  է մի ժամանակ, երբ հանգիստ կարողանում ես ասել այդ մասին.  Ես գիտեմ սիրո համն ու գինը, որը շատ ծանր է, բայց նաև` հրաշալի: Գիտեմ `ինչ է որդիական սերը, ծնողի, ընտանիքի, ինչպես նաև ընկերների նկատմամբ սերը: Իմ հերոսները ևս գիտեն սիրել:  Սերը նաև հոգածություն է ու պատասխանատվություն:  Քանի դեռ կյանքում պետք ես մեկին, չպետք է մտածել կյանքի իմաստի մասին.  այն արդեն իմաստավորված է: Ամենամեծ երջանկությունը` դու պետք ես դիմացինին, թեև  որքան շատ են նրանք, այնքան դժվար է քեզ համար,  բայց միևնույնն է, դա հրաշալի է: Քանի դեռ գոնե մի մարդ քո կարիքն ունի,  կյանքը և՛ իմաստ ունի, և՛ գույն:

Աստվա՞ծ, ճակատագի՞ր, թե՞  թուղթ ու գիր  

«Էդիպ արքան»  հազարամյակների միջով անցած գործ է և ժամանակին գրվել է  ճակատագրի նկատմամբ մեծ հավատով, ինչպես Նարեկացին  «Ողբն» է գրել` հավատալով Աստծուն:  «Էդիպ արքան» 12 տարեկանում եմ կարդացել, անասելի տպավորվեցի, ու երևի այդտեղից է ճակատագրին «փոքր դոզայով» տուրք տալը:  Դրան գումարած՝ տատիս խոսքը. «Ինչ ուզում է լինի՝ ճակատին գրված է»: Իմ մեջ կա ժամանակ առ ժամանակ ճակատագրին «ռևերանս» անելու զգացողությունը: Աստծո ներկայությունը օգնում է ապրել: Բայց ես նաև գիտեմ, համոզված եմ, որ գրականությունը  «թուղթ ու գիր» է:

Վախենում եմ

Երբ գիտես, որ մեկը քո բարեկամը չէ, ինչ հարված էլ հասցնի, պատրաստ ես դրան:   Վախենում եմ, երբ ամենամոտիկ մարդը թիկունքից է  հարվածում: Ավելի դաժան բան չկա:

Մահիցս դեռ չեմ վախենում

Կարծում եմ` մահը գիտի, որ այստեղ գործեր ունեմ, իմ  հարազատներին  այստեղ դեռ պետք եմ, նաև մի քանի բաներ ունեմ գրելու: Մահ-ին հարգում եմ:  Երբեմն իմ գրականության մեջ մահի  հետ խաղ եմ անում: Ինչպե՞ս կլինի մահվան հետ իմ հանդիպումը…  Մի բան եմ ուզում. թող անսպասելի չլինի: Գոնե մի քանի ակնթարթ իմանամ, որ այդ  ճանապարհին եմ, քանի որ մինչև անդին անցնելը  հոգուս հետ մի քանի հարցեր ունեմ:

Դժոխք, դրախտ կամ սեր ու կյանք

Երջանկությունը հոգու հաշտ վիճակն է: Երբ ապրում ես այնպես, ինչպես ուզում ես:  Երջանկությունը սիրո բերկրանքն է:  Ե´վ այն, և´ այս աշխարհում կա  դժոխք և դրախտ: Կյանք, որ նման է  դժոխքի, և դրախտ, որ սիրո բաժինն է:

Ազատություն

Ազատությունը…  երբ անում եմ այն, ինչ չեմ կարող չանել:

Պատրաստեց  Լիանա  ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Scroll Up