Թուրքիայում կվերակառուցվի ավերակների վերածված եկեղեցին
Թուրքիայի երբեմնի հայաբնակ Բալու շրջանում դարեր առաջ կառուցված և այժմ ավերակների վերածված եկեղեցին կվերակառուցվի: Այս մասին հաղորդում է tert.am-ը:
Բալուի քաղաքապետ Մեհմեթ Սաիթ Դաղօղլուն այցելել է հայկական եկեղեցի և ասել. «Եկեղեցին, որտեղ գտնվում ենք, 8 դար շարունակ ծառայել է հայ համայնքին: 1970-ականներին այն դեռ կանգուն է եղել, և դա երևում է լուսանկարներից: Գանձեր որոնողները շինությանն էական վնասներ են հասցրել, իսկ մենք՝ այստեղ բնակվողներս, այն չենք պահպանել: Հայ համայնքի հետ հանդիպելով՝ 2015-2016թթ.-ին մտադրվել ենք սկսել դրա վերակառուցումը: Աստծո կամոք, դա կկարողանանք անել, և մեր հայ հարևանների ու բարեկամների հետ դարձյալ կհանդիպենք Բալուում»:
Վերակառուցվել է նաև քաղաքի մզկիթը:
«Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում քաղաքապետը նշել է, որ այդ տարածքներում տարբեր հավատքի բնակիչներ հարյուրամյակներ շարունակ միասին են ապրել:
«Կողք կողքի են ապրել և ամեն մեկն իր երկրպագությունը հանգիստ արել է: Ուլու մզկիթն այս ամիս վերակառուցվեց: Այժմ հայ համայնքի հետ մեր հանդիպումները շարունակվում են: Եթե ստացվի՝ 2015-2016թթ.-ին կսկսենք 100 մետր տարածք ունեցող այս եկեղեցու վերակառուցումը»,- ասել է նա։
Քաղաքապետը Բալուն խճանկարի է նմանեցրել:
«Բալուն շրջակայքին քաղաքակրթությունների, արվեստի ու տարբեր մշակույթների առումով շատ բան է տվել: Այժմ մենք պայքարում ենք, որպեսզի արվեստագետները դարձյալ կողք կողքի աշխատեն»,-ասել է նա: