Լևոն Արոնյանը մասնակցելու է Բաքվում կայանալիք Աշխարհի գավաթին

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը համաձայնել է 2015-ին մասնակցել Բաքվում կայանալիք Աշխարհի գավաթին: Այս մասին տեղեկացնում է PanARMENIAN.Net-ը:
Այս մասին հայտնի է դարձել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի Երևան այցից հետո: ՖԻԴԵ-ի նախագահի օգնական Բերիկ Բալգաբաևը Twitter-ի իր միկրոբլոգում մասնավորապես գրել է, որ Լևոնն իր մասնակցությունը հաստատել է նախագահ Սարգսյանի կողմից տրված ճաշի ընթացքում:
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը հոկտեմբերի 3-ին Բաքվում հայտարարել է, որ կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականին Ադրբեջանում կայանալիք Շախմատի աշխարհի գավաթին ու շախմատային օլիմպիադային: Նա նշել էր, որ հարցը քննարկելու է ՀՀ նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
«ՖԻԴԵ-ն մի մեծ ընտանիք է: Մենք ուզում ենք, որ Հայաստանի հավաքականը ևս մասնակցի այս մրցաշարերին: Այդ հարցի շուրջ քննարկումներ կանցկացվեն: Հայաստանի վերջին այցելության ժամանակ ես հայտարարեցի, որ իրենք պետք է մասնակցեն: Մենք ցանկանում ենք, որ բոլոր հավաքականները մասնակցեն Շախմատի աշխարհի գավաթին ու շախմատային օլիմպիադային»,-ասել էր նա:
Հայ մարզիկների մասնակցությունը Բաքվում անցկացվող մրցումներին հաճախ միջադեպերով է ուղեկցվում՝ հայ մարզիկներին, հայկական դրոշն ու օրհներգը սուլոցներով են դիմավորում, պատվիրակության անդամների անվտանգության նկատառումներով արգելում են հեռանալ հյուրանոցից: Դա առնչվել է նաև շախմատին: 2012-ին ՀՀ շախմատի հավաքանի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվեց մասնակցել Բաքվում հավակնորդների մրացաշարին և նամակ հղեց Իլյումժինովին՝ իր որոշումը հիմնավորելով երկու երկրների միջև լարված հարաբերություններով:
«Պատասխանատու և կարևոր մրցաշարը հանգստություն ու հատուկ կենտրոնացում է պահանջում: Շախմատի հետ կապ չունեցող ոչ մի հանգամանք չպետք է խանգարի գրոսմայստերին ցուցադրել իր վարպետությունը: Ցավոք, այս պահի դրությամբ ոչ մի հայ չի կարող բարենպաստ կամ ադեկվատ հոգեբանական մթնոլորտ գտնել Ադրբեջանում, այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է»,- գրել է Արոնյանը: