Արամ Ա կաթողիկոսն անձամբ շնորհակալություն կհայտնի Հունաստանի վարչապետին

Հովվապետական այցով սեպտեմբերի 22-ին Հունաստան կատարելիք այցելության ժամանակ Մեծի տան Կիլիկիո
կաթողիկոս Արամ Առաջինն Աթենքում կհանդիպի Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասին եւ Հունաստանի հոգեւոր առաջնորդին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսության դիվանապետ Խաչիկ Բեդեյանն ասաց, որ հանդիպման ընթացքում Արամ Առաջին կաթողիկոսը շնորհակալություն կհայտնի Հունաստանի կառավարությանն ու
խորհրդարանին Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար:
«Սա շատ կարեւոր օրինագիծ է, որով Հունաստանի խորհրդարանն ապացուցեց, որ դեմ է համամարդկային բռնությանը ու դատապարտում է մարդկության դեմ կատարված հանցագործությունները: Անշուշտ, հանդիպմանը Արամ Առաջինը շնորհակալություն կհայտնի Հունաստանի վարչապետին եւ խորհրդարանին նման համամարդկային դիրքորոշման
համար»,- ասաց Բեդեյանը` հավելելով, որ ըստ արարողակարգի` նախատեսվում է, որ վարչապետն ու կաթողիկոսը կքննարկեն նաեւ հայ-հունական հարաբերություններն ու նաեւ Հունաստան-Թուրքիա հարաբերությունները:
Նշենք, որ «Արմենպրես»-ին Հունաստանի ազգային առաջնորդարանի դիվանատնից տեղեկացրեցին, որ Արամ Առաջինը սեպտեմբերի 23-ին կայցելի Գոմոթինի, որտեղ կկայանա Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսի եւ Հույն ուղղափառ եկեղեցու տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի հանդիպումը: Նույն օրը երեկոյան երկու հոգեւոր առաջնորդները Գոմոթինիի հայկական սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու 180-ամյակի կապակցությամբ պատարագ կմատուցեն: Արամ Առաջինը կհանդիպի նաեւ Սալոնիկի հայ համայնքի ներկայացուցիչներին: Տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի կունենա ժամերգություն, որին կհաջորդի հրապարակային ճաշկերույթը:

Հունաստանի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին ընդունեց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: «Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծի լրամշակված տարբերակը պահանջում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլեւ հայերի եւ պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը: Վեց կետից բաղկացած օրենքի նախագիծը նախատեսում է դրամական խոշոր տուգանք և բանտարկություն այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորյալ կստորացնեն, կնվաստացնեն և կժխտեն միջազգային դատարաններում և Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները: Օրինագիծը նախատեսում է 6 ամսից մինչեւ 3 տարվա ազատազրկում եւ 10.000 – 30.000 եվրո տուգանք:

Մանրամասները՝ Armenpress.am կայքում:

Scroll Up