Կայացավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/06/unnamed51.jpg)
Հունիսի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Արտակ Մանգասարյանը ներկայացրեց տեղեկատվություն սիրիահայերի մասնագիտական վերապատրաստման և աշխատանքի տեղավորման վերաբերյալ: Նշվեց, որ 2013-2014թթ. ընթացքում Զբաղվածության տարածքային կենտրոններն աշխատել են շուրջ 950 սիրիահայի հետ: 2013թ. ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացվել է նաև «Աջակցություն սիրիահայերի զբաղվածության խթանմանը» ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվել է աշխատանքի տոնավաճառ Երևանում, աշխատանքի են տեղավորվել բազմաթիվ սիրիահայեր, ինչպես նաև սիրիահայերի մասնագիտական վերաորակավորումներ տարբեր մասնագիտություններով:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ հայաստանյան գործատուներն օրեցօր առավել բարձր են գնահատում սիրիահայ մասնագետների, արհեստավորների մասնագիտական կարողությունները և մարդկային որակները, ՀՀ սփյուռքի նախարարություն ավելի մեծ թվով դիմումներ են ստացվում սիրիահայերին աշխատանքի տեղավորվելու վերաբերյալ:
ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը ներկայացրեց սիրիահայերի՝ 2014-2015թթ. հանրակրթական և բուհական ուսումնառության կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նշվեց, որ սիրիահայ աշակերտների ընդունելությունը կազմակերպվել է ոչ միայն ուսումնական տարվա սկզբում, այլև ողջ տարվա ընթացքում, ուստի երեխաները դուրս չեն մնացել կրթական համակարգից: Հայաստանի հիմնական և ավագ դպրոցներում սովորում է շուրջ 1000 սիրիահայ երեխա:
Ավագ դպրոցների հոսքային դասարաններում աշակերտները հնարավորություն ունեն արևմտահայերեն սովորելու:
Մեծապես կարևորելով արևմտահայերենի պահպանման խնդիրը՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «Սիրիահայերը արևմտահայերենի կրողներ են, և ինչպես դպրոցական, այնպես էլ բուհական կրթության ընթացքում նրանք պետք է ապահովվեն արևմտահայերենի ուսուցման անհրաժեշտ ծրագրերով և նյութերով»: Նախարարը առաջարկեց նաև արաբերենին լավ տիրապետող սիրիահայերի համար բացել արաբերեն թեքումով հիմնական և ավագ դպրոց:
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ Լևոն Սարգսյանը կարևորեց դասական ուղղագրության կանոններին տիրապետելու նպատակով դպրոցներում առնվազն մեկամսյա դասընթացների կազմակերպման անհրաժեշտությունը:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Լիանա Խառատյանը հանդես եկավ սիրիահայերին ցուցաբերվող պարենային աջակցության ծրագրի ընթացքի վերաբերյալ զեկույցով:
Ծրագրի շրջանակներում 5 փուլով շուրջ 5000 սիրիահայեր ստացել են պարենային փաթեթ:
Սեպտեմբերին կավարտվեն սիրիահայերին ցուցաբերվող պարենային աջակցության ծրագրով նախատեսված փուլերը, սակայն տիկին Խառատյանը հավաստիացրեց, որ ամեն ինչ պիտի արվի ծրագրի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ:
Շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակին սիրիահայերին ցուցաբերվող պարենային աջակցության ծրագիրը հետևողականորեն իրականացնելու համար՝ նախարար Հ.Հակոբյանը կարևորեց ծրագրի հետագա փուլերի իրականացումը սիրիահայերի առկա կարիքների և պահանջների հիման վրա:
Քննարկվեցին նաև ՀՀ սփյուռքի նախարարություն դիմած սիրիահայերի համար հաշվապահական վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու, ռուսերենի և արևելահայերենի դասընթացները շարունակելու, ինչպես նաև սոցիալապես կարիքավոր սիրիահայ երեխաների ամառային հանգիստը կազմակերպելուն վերաբերող հարցեր: