Հանրապետության օրվան նվիրված միջոցառում Մոսկվայի Ազգությունների տանը

Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացրին Մոսկվայում ՀՀ դեսպանությունից, մայիսի 28-ին Մոսկվայի Ազգությունների տանը տեղի է ունեցել երեկո` նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 96-րդ տարեդարձին: Այն կազմակերպվել էր Մոսկվայի համայնքային «Արարատ» մշակութային միության նախաձեռնությամբ: Միջոցառմանը ներկա էին Ռուսաստանի անվանի հասարակական, մշակութային գործիչներ, քաղաքագետներ, պատմաբաններ, գրականագետներ, ռուս հայտնի բանաստեղծներ և արտիստներ, Մոսկվայի հայ համայնքի անվանի ներկայացուցիչներ:

Երեկոն վարում էր «Արարատ» մշակութային միության նախագահ Է.Դոլբակյանը: Նա հակիրճ ներկայացրեց Առաջին հանրապետության ստեղծման և կարճ գոյատևման պատմությունը: Ելույթներով հանդես եկան «ЛДПР» կուսակցության ներկայացուցիչ Գ.Ավդեևը, հայ համայնքի ակնառու գործիչ գեներալ-լեյտենանտ Ն.Տեր-Գրիգորյանցը, “Собеседник  Армении” թղթակից Ա.Երկանյանը, Ռուսաստանի հայերի միության գրականության հանձնաժողովին կից պոեզիայի բաժնի նախագահ Նինա Գաբրիելյանը, պատմաբաններ և բանաստեղծներ:

Երեկոյի երկրորդ մասում հնչեց համերգ` հայ համայնքի անվանի երաժիշտ, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ,  «Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնականության միջազգային ակադեմիայի» ակադեմիկոս, քամանչահար Ա.Մովսեսյանի գլխավորությամբ:

Երեկոյի ավարտին եզրափակիչ խոսքով հանդես եկավ Է. Դոլբակյանը:

Միջոցառմանը մասնակցեց դեսպանության երկրորդ քարտուղար Վ.Մելքումովան:

Scroll Up