Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիե Շառլ Անզնավուրի ծննդյան 90-ամյակի եւ Լոնդոնում հունիսյան համերգի առիթով բրիտանական Express պարբերականն անդրադարձել է հեղինակային երգի արքայի կենսագրության կարեւորագույն էջերին:
«Երբ 9-ամյա Շառլ Ազնավուրն առաջին անգամ բեմ դուրս եկավ, Ադոլֆ Հիտլերը դարձավ Գերմանիայի կանցլեր, Ջեյմս ՄըքԴոնալդը Բրիտանիայի վարչապետն էր, իսկ երկրի միջին աշխատավարձը շաբաթական 3.60 եվրո էր կազմում: Իր 90-ամյակը նշող երգիչը, որին անվանում են Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրա, բեմում թուլության նշան անգամ ցույց չի տալիս»,- գրում է բրիտանական Express պարբերականը:
Ազնավուրը կատարել է հազար երգ, առաջինը` 1941 թվականին, երբ ֆաշիստները գրոհել էին Փարիզը: Սակայն բրիտանացի երաժշտասերների մոտ Ազնավուրի անունն ավելի շատ ասոցացվում է երկու երգի՝ The Old Fashioned Way-ի եւ She երգի հետ, որը 1974 թվականին 4 շաբաթ շարունակ գլխավորել է բրիտանական հեղինակավոր մի քանի չարտ:
«Ազնավուրը երաժշտական փառահեղ կենսագրություն ունի, սակայն դրան հասնելու համար ստիպված է եղել հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ: Նրան նույնիսկ բնորոշել են որպես չափազանց կարճահասակ եւ չափազանց տգեղ: Երգիչը նշել է, որ մեծացել է սիրո, երաժշտության եւ աղքատության մթնոլորտում: Բարձունքի հասնելու համար նրան շատ է օգնել երգչուհի Էդիտ Պիաֆը, որից Ազնավուրը սովորել է այն ամենը, ինչ անհրաժեշտ է երաժշտության բնագավառում»:
Շառլ Ազնավուրն ամուսնացած է եղել 3 անգամ եւ ունի 6 երեխա: Ինչպես ինքն է նշել, առաջին անգամ ամուսնանալիս չափազանց երիտասարդ էր, իսկ երկրորդ անգամ՝ չափազանց հիմար: Շանսոնիեն նաեւ խոստովանել է, որ չի սիրում այն կանանց, որոնք մեկ անգամ քնելով իր անկողնում, իրենց աստղ են համարում: Նա միշտ լքել է այդ կանանց:
Express պարբերականը գրում է նաեւ, որ ուրախալի է, որ իր 90-ամյակը տոնող Ազնավուրը դեռ շարունակում է երգել եւ բավականություն պատճառել իր երկրպագուներին: Իսկ շանսոնիեն խոստովանել է, որ ձգտում է ապրել մինչեւ 120 տարի:
Մայիսի 22-ին ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրը նշում է իր ծննդյան 90-րդ տարդարձը։