Արարատի փեշերին ապրող իսլամացած հայերը հույս ունեն գտնել Հայաստանում հաստատված իրենց ազգականներին. Star-ի անդրադարձը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «1915թ.-ի դեպքերին առնչվող» ցավակցականուղերձը Արարատի (թուրքերը կոչում են Աղրը Դաղ) փեշերին բնակվող և ժամանակի ընթացքում իսլամացած հայերին շատ է ուրախացրել, գրում է թուրքական Star թերթը։
Նրանք նշում են, որ իրենց հիմնական ցանկությունն այն է, որ տարիներ շարունակ որևէ լուր չունեցած իրենց հարազատները գտնեն իրենց։
Արարատի ստորոտին գտնվող, նախկինում հիմնականում հայաբնակ գյուղերում մնացածները պահանջում են բացել հայ-թուրքական սահմանը։
Նրանք նշում են, որ այստեղ բնակվում են տարիներ շարունակ, իսկ իրենց պապերը ստիպված են եղել լքել այստեղի բնակավայրերը։ Նրանք Էրդողանի հայտարարությունն առաջընթաց են համարում և ուրախանում են։
Ժամանակի ընթացքում իսլամն ընտրած գյուղացիներն ասում են. «Հայաստանն ու Թուրքիան թող բացեն սահմանը։ Հանգիստ գնանք մեր հարազատներին հյուր, նրանք էլ մեզ տեսնելու թող գան։ Երկար տարիներ մեր մերձավորներից լուր չունենք։ Վարչապետի այս դրական կեցվածքի շնորհիվ նրանք կգան ու կգտնեն մեզ»։
68-ամյա Զեքի Շ.-ն նշում է, որ իրենք շատ երջանիկ են, որ Թուրքիայի վարչապետն առաջին ագամ հասկացել է իրենց ցավը։
«Դա աննկարագրելի ուրախություն է մեզ համար։ Մեր պապերն այստեղից արտաքսվել են։ Մնացել ենք մենք։ Տարիներ շարունակ այստեղ ապրել ենք խաղաղությամբ»,-ասում է նա՝ նշելով, որ իր զավակներն ու թոռները Հայաստանում բնակվող իրենց մերձավորներին տեսնել են երազում։
Հայերի համար շատ կարևոր նշանակություն ունի Արարատը։ Արարատի փեշերին ապրող ընտանիքը նշում է, որ այդ հողերում է իրենց տունը։
«1915թ.-ին գյուղում միասին են ապրել 9 եղբայրները։ Նրանցից 7-ը գաղթել են, իսկ երկուսը մնացել Թուրքիայում։
Աբդուրրահման և Ալի եղբայրներն այստեղ են մնացել։ Պապս այստեղ է իսլամ ընդունել։ Երկար տարիներ անց մեր ընտանիքից 2 տղամարդ և 1 կին եկել, մեզ են փնտրել, սակայն չեն գտել։ Աստծո կամոք, վարչապետի հայտարարությունը շարունակություն կունենա, և մենք մեր մերձավորներին կհանդիպենք»,-ասում է Զեքի Շ.-ն։
Ընտանիքի մեկ այլ անդամ՝ Մեհմեթ Գյուվենիլիր Շ.-ն ասում է. «Ասում են՝ այդ վատ իրադարձություններից առաջ հայերն ու մուսուլմաններն այստեղ եղբայրաբար են ապրել։ Այստեղ անգամ եկեղեցի է եղել։ Դեռ ավերակներ կան այստեղ»,-ասել է նա։
Ընտանիքի մեկ այլ ճյուղ համարվող Սալիհ Շ.-ն նշում է, որ խաղաղություն է ցանկանում՝ ամբողջական խաղաղություն։
Մանրամասները՝ tert.am կայքում: