Մոտեցնենք վերադարձների բերքառատ ժամը

Մենք ունեցանք Տիգրան մեծ, որ աշխարհն իմանա.  կայսրերը դառնալով դիվանագիտական հմտությունների կատարելության չափանիշ, կարող են մնալ բարի և սիրված¸ որ «ծովից ծով Հայաստան» բանաձևը դառնա  գալիք բոլոր հայ սերունդների ձգտումների գործուն ազդակ։

Մենք ունեցանք Մեսրոպ Մաշտոց, որպեսզի մեր քաղաքակրթությունը մատուցենք ընդունված չափանիշներով, արժանավայել շարունակենք հազարամյա մեր երթը և իմաստավորենք մեր հոգևոր գոյությունը։

Մենք ունեցանք Նարեկացի, որ մեր ասելիքը հասցնենք աստվածային մակարդակի և հաղորդակցվենք ամենավերին ոլորտների հետ։

Մենք ունեցանք Կոմիտաս, որ աշխարհի գույնզգույն համանվագին ավելացնենք մեր նրբակերտ մեղեդիների արևագույնը։

Մենք ունեցանք Թումանյան, որ իրական ու մատչելի դառնա տիեզերքի անհունի հետ մարդկային զրույցը։

Մենք ունեցանք Գարեգին Նժդեհ, որ հասկանանք, թե ինչպես է կռվի դաշտում որակը գերակայվում քանակին և հայրենասերի արդարատենչ ոգին հրաշքը դարձնում իրական…

Մենք շա՜տ մեծեր ունեցանք մեր ճանապարհին, սակայն մեզ  նաև եղեռն փաթաթվեց… որպես կատարելության ճանապարհը, երազների ու պատկերացումների աստեղային առկայծումները երիզող փշե զսպաշապիկ, որպեսզի մեր հոգին բանտարկվի աշխարհային առկա և պախարակելի կաղապարներում…

Գարունը ենթադրում է այս հին աշխարհի հերթական նորացում, ծաղկում ու փթթում ո՛րերորդ անգամ։ Գարնան երկրորդ ամիսը գարնանային մենամարտի հաղթական ավարտն է, շող ու շաղի հրճվանք… Սակայն համայն աշխարհի մեղսունակ կյանքում եղան խայտառակ ժամանակներ… Հայոց գարունը արյունոտվեց, սևավորվեց, խեղվեց ոճիրների դաժան ցանցում··· Եվ չդադարեց երբեք չարի հեղձուցիչ միջամտությունը, շարունակվեց Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում, Քեսաբում…

Ապրիլի 24-ը դարձավ ցավի ու պայքարի, հույսի ու որոնման խորհրդանիշ… Այն երբեք չպետք է կրկնվի ոչ միայն մեր ժողովրդի, այլև, ընդհանրապես ոչ մի ժողովրդի կյանքում… Մարդը ի վերջո պետք է մոտենա Աստծո ստեղծած կերպարին, և կյանքը համակարգող օրացույցի ընդգծված նիշերը պետք է ներկվեն միայն կարմիրով՝ տոնելու և ուրախանալու համար։

Կրասնոդարի սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցում արդեն արևածագի հետ սկսեցին հավաքվել քաղաքի հայերը։  Հայ Առաքելական Եկեղեցու Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի Հոգևոր Առաջնորդ Մովսես Սրբազանի մատուցած պատարագից հետո հիշատակի և համախմբման խոսք ասաց Ավագ քահանա Տ. Սարգիս Թաշչյանը, ապա ելույթ ունեցան ՌՀՄ երկրամասային բաժանմունքի ղեկավար Ռ· Գևորգյանը, Կորենովսկի շրջանի կազակների հարգված ատաման Միխայիլ Տիմչենկոն, քաղաքային խորհրդի պատգամավոր Վ· Մարիանյանը և այլք։

Թեմին առընթեր գործող «Արմատ» դպրոցի և «Նարեկ» կենտրոնի  աշակերտները որոշել էին այս աշխատանքային օրը հրաժարվել սովորելուց և աշխատելուց, միասին հարգել միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակը և խորհել ապագայի անելիքների շուրջ։ Նրանք միանման շապիկներով շրջանաձև կանգնեցին եկեղեցու շուրջ և համապատասխան պաստառներով և վառվող մոմերով ափսոսանքի, հույսի և հավատի խոսքեր շշնջացին երբեք չխամրող ցավի, հիշողության ուժի և բռնազավթված հայրենիքը վերագտնելու երազանքի մասին։ Դպրոցի ավագ խմբի սաների ելույթները արձագանքվեցին հավաքվածների հոգիներում որպես միասնության կոչ, որպես հայրենիքի ներկան ու ապագան փրկելու ահազանգ, որպես դարձի և պայքարի նշանաբան։

«Ես վհատվել եմ եղեռնի պատմությամբ, այն դարձել է իմ ցավն ու մորմոքը, և ոգևորվել եմ Անդրանիկի, Նժդեհի, Դրոյի և Մոնթեի կերպարներով։ Հայաստանը մենք ենք, մենք պետք է պահենք, ամրացնենք, զորացնենք մեր հայրենիքը»,- համոզում է «Մոնթե Մելքոնյան» խմբի սան Արմեն Գալստյանը։

«Այն, ինչ եղել է 99 տարի առաջ, եղեռն էր, իսկ այն, ինչ կատարվում է այսօր, ամենաիսկական պատերազմ է, տեղեկատվական պատերազմ, ուր կեղծիքի հեղեղը սպառնում է կուլ տալ մաքուր ու պարզ, խորախոր ակունքներից բխող գետակին։ Հենց մենք և հենց այսօր պետք է սկսենք դիմակայել ճշմարտության խեղաթյուրումներին»,- վստահեցնում է «Մեծ Մհեր» խմբի սանուհի Արևիկ Թամրազյանը։

«Մենք բոլորս նույն նավի լողորդներ ենք,- երիտասարդական աննկուն համոզմունքով արտաբերում է «Գարեգին Նժդեհ» դասարանի ուսանող Վարդան Բախչոյանը,- սակայն այդ նավը բոլորովին էլ այն չէ, ուր մենք վերադառնալու ենք երեկոյան, այլ այն, որ հավերժական խարիսխ է ձգել բիբլիական Արարատի ստորոտում»։

Եկեղեցու բակից երիտասարդները խաղաղ երթով ուղևորվեցին քաղաքի կենտրոնական փողոցներ և Մեծ Եղեռնի մասին թռուցիկներ բաժանեցին Կրասնոդարի բնակիչներին՝ համապատասխան պարզաբանումներով և բացատրություններով։

Պայքարը ծանր է, համարյա գերմարդկային, մեր հայրենիքը այսօր էլ ունի բազում խնդիրներ և դժվարություններ, ամեն օր տեղի ունեցող իրադարձությունները փաստում են, որ 21-րդ դարում էլ աշխարհում շարունակում են տիրել ջունգլիների գայլային օրենքները··· Սակայն չարի հաղթարշավը, հավերժական լինել չի կարող, ամրապնդվենք պայքարի վերձիգ մղումներով և հավատանք հայկական առեղծվածի աստվածատուր հրաշքին։

«Իսկ ես անսփոփ սպասում եմ դեռ վերադարձների բերքառատ ժամին»։

Ի՜նչ է հարյուր տարին պատմության հազարդարյան շղթայում… Ընդամենը մի մաշված օղակ, որ կարիք ունի հիմնավոր վերանորոգման…

Երազիկ Հարությունյան

Ք· Կրասնոդար

974315_668966319829716_1573050083_n 10173323_668966633163018_2132584143_n 10264602_668967486496266_178856237_n

Scroll Up