Ապրիլի 24–ին Մոսկվայում կկայանա «Հայերի ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ» խորագրով հանրահավաք
Ապրիլի 24–ին ժ. 13:00–ին Մոսկվայի «Կրասնոպրեսնենսկայա զաստավա» հրապարակում (մետրոյի «1905 թվական փողոց» կայարանի մոտ) տեղի կունենա «Հայերի ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ» խորագրով հանրահավաք:
Դրանով ռուսաստանյան հասարակությունը իր հարգանքի տուրքը կմատուցի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, կդատապարտի մարդկության դեմ գործած այդ հանցագործությունը և Թուրքիայից կպահանջի ճանաչել իրականացրած ցեղասպանությունը:
Հանրահավաքում ելույթ կունենան ՌԴ Պետական Դումայի խմբակցությունների պատգամավորներ, քաղաքագետներ և Մոսկվայի ազգային համայնքների ներկայացուցիչներ:
ՌԴ Պետական Դուման 1995 թ. ապրիլի 14–ի հատուկ հայտարարությամբ դատապատրել է Հայոց ցեղասպանությունը: Դումայի հայտարարությամբ ապրիլի 24–ը սահմանված է իբրև Ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Մոսկովյան «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության կողմից միտինգի անցկացումը համաձայնեցված է Մոսկվայի քաղաքապետարանի հետ:
Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունից: