Հրանուշ Հակոբյան. «Ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ»

Մենք՝  հայուհիներս, թերևս աշխարհի ամենաերջանիկ կանայք ենք, քանզի մեր տոնական օրացույցում ունենք մեզ նվիրված մի ամբողջ ամիս: Այսօր «АрмянкаՀայուհի» ամսագրի տոնական համարի հյուրն է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով այդ աննախադեպ մտահղացման հեղինակն է: Բոլոր ընթերցողուհիների և հայաստանաբնակ բոլոր կանանց  անունից մեր ամսագիրը շնորհակալություն է հայտնում տիկին Հակոբյանին` նման գեղեցիկ տոնական ամիս պարգևելու համար: Շնորհավորում ենք նաև մեր «երկաթյա» հայուհուն ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթում  նորանոր հաջողություններ, փայլուն գաղափարներ և քաջառողջություն:

Տիկի՛ն Հակոբյան, արդեն 20 տարի է անցել այն օրվանից, ինչ Հայաստանի Հանրապետությունում որպես պաշտոնական տոն ընդունվեց ապրիլի 7-ը:  Պատմե´ք, խնդրում եմ, այդ օրերի մասին:

 – Երբ 1990-ի սկզբին դեմոկրատական շարժումը հաղթանակեց, և եկան իշխանության, առաջին ծրագրերից մեկը եղավ վերանայել ՀՀ պետական տոները, և մարտի 8-ը, որպես «սոցիալիզմի մնացուկ», դուրս մղվեց: Սակայն դա միանշանակ չընկալվեց, և հայուհիները շարունակեցին պահանջել վերադարձնել իրենց սիրելի տոնը: Անհրաժեշտություն առաջացավ անդրադառնալու այս թեմային: 1990-95թթ. պառլամենտում ընդամենը 4 կին պատգամավոր կար, և ես ինձ վրա վերցրի այդ նախաձեռնությունը: Երկար ժամանակ փորձում էի համոզել պառլամենտականներին (հասկանալի է՝ տղամարդկանց) վերականգնել մարտի 8-ը, բայց նրանք անհողդողդ էին, ուստի մտածեցի՝ գուցե նոր առաջարկությամբ հանդես գամ: Տևական քննարկումներից հետո որոշեցինք որպես այդպիսի օր առաջարկել ապրիլի 7-ը՝ Սբ. Կույս Մարիամի Ավետման տոնը, որը մայրության կարևորագույն խորհուրդ էր պարունակում: Սակայն որպեսզի այն դառնար նաև դեռևս չմայրացած մեր գեղեցիկ աղջիկների տոնը, որոշեցինք այն կոչել Մայրության և գեղեցկության տոն:

 – Սակայն, որքան հիշում եմ, այդ նախագիծը ընդունվեց Ձեր «կանացի խորամանկության» շնորհիվ

 – Չէի ասի՝ խորամանկություն, այլ հնարամտություն: Երբ օրենքը պետք է դրվեր  քվեարկության (իսկ այն տարիներին խորհրդարանական նիստերը հեռարձակվում էին հեռուստատեսությամբ), ես դիմեցի օպերատորին, որ հեռուստաէկրաններին ցուցադրի լուսատախտակը, որպեսզի ժողովուրդը տեսնի, թե յուրաքանչյուր պատգամավոր ինչպես է քվեարկում: Այնուհետև ուղիղ եթերում դիմեցի պատգամավորների կանանց և հորդորեցի, որ իրենց ամուսիններին, «դեմ» քվեարկելու դեպքում, «տուն չթողնեն»: Իհարկե, դահլիճում ծիծաղ և աղմուկ բարձրացավ,  և օրենքն ընդունվեց մեծամասնության կողմից: Երբ նիստից հետո լրագրողներն ինձ հարցրին ապրիլի 7-ի խորհրդի մասին, ես ասացի` քանի որ մարտի 8-ը միջազգային տոն է, ապա այն ոչ ոք չի կարող վերացնել, այդ պատճառով կանանց տոնը սկսում ենք տոնել մարտի 8-ին  և ավարտում ենք ապրիլի 7-ին: Այսպես ծնվեց նաև միամսյակի գաղափարը: Այսօր ես ուրախ եմ և երջանիկ, որ 20 տարի առաջ ընդունվեց այդ օրենքը, և շնորհակալ եմ պատգամավորներից. չէ՞ որ քվեարկողների 95 տոկոսը տղամարդիկ էին: Շնորհակալ եմ, որ նրանք ընդունեցին, համբերեցին, համաձայնեցին, միամսյակը մտավ մեր հասարակական գիտակցության մեջ, և տղամարդիկ իրենց շնորհավորանքներով, իրենց ուշադրությամբ հաճելի պահեր են պարգևում կանանց:

Տիկի´ն Հակոբյան, Դուք անչափ հումորասեր անձնավորություն եք. արդյոք Ձեր ծնողների՞ց եք ժառանգել այդ հատկությունը: Առհասարակ ի՞նչ եք, ըստ Ձեզ, ժառանգել Ձեր մորից և հորից:

 – Ես աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից մեկն եմ, որ ծնվել եմ Հրանտ Հակոբյանի ընտանիքում: Ծնողներս ինձ համար աստվածային մեծություններ են եղել և շարունակում են մնալ, չնայած որ այսօր հայրս այլևս մեզ հետ չէ: Սակայն նրա պատգամները, հորդորները, նրա դաստիարակությունը մեզ հետ է, և իմ գրեթե յուրաքանչյուր քայլից առաջ ես մտածում եմ` ի՞նչ կմտածեր, ինչպե˚ս կվարվեր հայրս, ի˚նչ խորհուրդ կտար: Ես անչափ շնորհակալ եմ ծնողներիցս, որ մեզ՝ չորս երեխաներիս, ոչ միայն գենետիկորեն, այլև որպես քիչ թե շատ կայացած մարդիկ կարողացել են կերտել, կրթել և դաստիարակել, մարդակերտումի և հայակերտումի ճամփան ճիշտ ենք անցել: Հայրս, իհարկե, առավել մեծ խնդիրներով էր զբաղվում, իսկ մայրս՝ առօրյա հարցերով: Հորիցս ժառանգել եմ նրա փայլուն հիշողությունը, աշխատասիրությունը, աշխատանքի հանդեպ հսկայածավալ, պատասխանատվությունը, բարությունը և, իհարկե, պետության նկատմամբ հարգանքն ու սերը: Իսկ մորիցս՝ սկզբունքայնությունը, սկսած գործը մինչև վերջ հասցնելու կարողությունը և հայ կնոջը բնորոշ շատ հատկանիշներ:  Ծնողներս երեխաներին սովորեցրել են ազնիվ, օբյեկտիվ, նվիրյալ լինել, յուրաքանչյուր աշխատանք կատարել սիրով, պատասխանատվությամբ, նպատակասլաց լինել, երբեք չդժգոհել, չտրտնջալ, ուրիշին չայպանել, այլ յուրաքանչյուր հարց քննարկելիս գտնել լուծումներ, պատասխանատվություն վերցնել և ոչ թե պատճառներ որոնել: Հայրս գտնում էր, որ  հաղթողը նա է, ով չի բավարարվում ձեռք բերվածով, այլ ձգտում է ավելին անել, լավին ձգտել, իսկ դրա համար պետք է անընդհատ սովորել, կրթվել և թարմացնել գիտելիքները, հետ չմնալ նորագույն նվաճումներից:

 Տիկի՛ն Հակոբյան, ո՞րն է  Ձեր հաջողության բանաձևը:

 – Իմ հաջողության գրավականը իմ ընտանեկան դաստիարակությունն է, Գավառի թիվ 1 դպրոցը, որտեղ սովորել և կարևոր գիտելիքներ եմ ամբարել, Երևանի համալսարանն է, երիտասարդական կազմակերպությունը՝ կոմերիտմիությունը, այն բոլոր խելացի մարդիկ, ում հետ բախտ եմ ունեցել շփվելու, սովորել նրանցից. ԵՊՀ ռեկտորներ, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը, ՀԿԿ այն ժամանակի կենտկոմի ղեկավարներ, Գերագույն Խորհրդի նախագահության անդամներ, կառավարության ղեկավարներ, նախագահներ…:

 – Դուք, տարիներ ի վեր զբաղեցնելով պետական տարբեր պաշտոններ, բազում կարևորագույն ծրագրեր եք կյանքի կոչել. որո՞նց համար եք հատկապես հպարտ, և որո՞նք են, ըստ ՁեզՁեր կյանքի ամենահաջող որոշումները:

 – Կյանքի յուրաքանչյուր փուլում, անշուշտ, կայացրել եմ կարևոր որոշումներ: Այսպես, օրինակ, փոքր ակադեմիայի ստեղծումը՝ համալսարան-դպրոց  և դպրոց-համալսարան կապի ստեղծումը: Ուսանողական շրջանի որոշումներից անչափ կարևոր եմ համարում հացի խնայողության արշավ սկսելը, երբ հացը ուղղակիորեն հաջորդ օրը նետվում էր աղբարկղ, երկրաշարժի օրերին «Որոնում» ծրագրի ստեղծումը համարում եմ ողբերգական պահին ամենագնահատելի և օգտակար որոշումը, ինչի օգնությամբ բազմաթիվ երեխաներ գտան իրենց ծնողներին, հարազատները գտան միմյանց, շինջոկատների կազմակերպումը աղետի գոտում, դոնորական արյան հավաքումը, ԼՂՀ-ի շինարարական օբյեկտները, կոմերիտական, երիտասարդական կառույցներ հռչակելը, ԼՂՀ-ի մարզային կոմերիտմիությունը Հայաստանի կոմերիտմիության մաս դարձնելը, պառլամենտում բազմաթիվ կարևոր օրենքների առաջարկումը, բնակարանների սեփականաշնորհման, համատիրությունների, մայրերին տրվող արտոնություններ և այլն, դրանց մշակումը, ընդունումը: Այսօր, լինելով Սփյուռքի նախարար, ես շարունակում եմ յուրաքանչյուր օր ընդունել նոր որոշումներ, որոնք վերաբերում են աշխարհասփյուռ հայության կրթամշակութային, կազմակերպչական, համայնքային խնդիրներին, փոխադարձ գործունեության կառուցակարգերին և այլն:

 – Իսկ ի՞նչն է Ձեզ ոգեշնչում, օգնում այսքան եռանդուն լինել:

 – Աշխատանքը և աշխատանքի արդյունքները, գործընկերներիս հետ հարաբերությունները, սփյուռքյան կառույցների բայրացակամ վերաբերմունքը և ազգօգուտ աշխատանքը:

 – Յուրաքանչյուր սերունդ տարբերվում է իրեն նախորդողից: Ինչպե՞ս կբնութագրեք ժամանակակից հայ երիտասարդությանը:

 – Կարծում եմ, որ երիտասարդությունը միշտ ավելի առաջադեմ և ավելի գրագետ է, քան նախորդող սերունդը: Այսօր կան մարդիկ, ովքեր փորձում են սևացնել, միայն վատը տեսնելով արտահայտվել երիտասարդության մասին: Կոմերիտմիությունը դպրոց էր, որը ձևավորում էր երիտասարդությանը, օգնում գործեր իրականացնել, և շատ հպարտ եմ, որ այդ կառույցի անդամ եմ եղել: Կոմերիտմիության շարքերում էին հիմնականում այն երիտասարդները, ովքեր համարձակություն գտան սկսելու ղարաբաղյան շարժումը, կոմերիտմիության բովով անցած երիտասարդներն էին, որ կարողացան պատերազմում հաղթել` ապահովելով, կառուցելով մեր անկախ պետականության հիմքերը: Այսօր մեր երկրում ազատ մտածողությամբ, անկաշկանդ երիտասարդություն է մեծանում: Մենք փայլուն երիտասարդներ ունենք, ովքեր իրենց գիտելիքներով, գաղափարներով մրցունակ են աշխարհի ցանկացած տարածքում: Գիտեք, նաև ուրախ եմ, որ այսօր մեր համալսարաններում ուսանողների մեծամասնությունը՝ մոտավորապես 60 տոկոսը, կանայք և աղջիկներ են. քանի որ հասարակության դաստիարակը կինն է, մայրն է, հետևաբար որքան կինը կիրթ և գրագետ լինի, այնքան հասարակությունը կիրթ կլինի: Մենք պետք է երիտասարդությանը ասպարեզ տանք, ոգևորենք, ինքնադրսևորվելու հնարավորություն ունենան, քանի որ երիտասարդությունը մեր  ներկան է ու ապագան:

Տիկի´ն Հակոբյան, Դուք լիբերա՞լ եք, թե՞ պահպանողական

-Նայած որ հարցերում: Ես պահպանողական եմ հատկապես ազգային, կենցաղային, մարդկային հարաբերություններում:  Չեմ գտնում, որ ազատականությունը  պետք է ներթափանցի ընտանիք: Ընտանիքը մեր ազգային ամենամեծ արժեքն է, և հետևաբար հայկական ընտանիքը պետք է պահպանողական, ավանդապաշտ լինի, հետևի դարերի խորքից եկած ավանդույթներին, սովորույթներին: Ընտանիքում պետք է տղամարդը իր ղեկավար դերակատարությունը ունենա, կինը՝ իր, ավագները պետք է շարունակեն լինել հարգանքի, ուշադրության կենտրոնում, իսկ գուրգուրանքը, փայփայանքը, ակնածանքը չպետք է պակասի ծնողների նկատմամբ: Մենք կարող ենք լիբերալ, ազատական լինել մտքերով, գաղափարներով, սակայն ընտանեկան հարցերում պետք է պահպանողական լինենք: Դեմ չեմ ժամանակակից լինելուն, սակայն դա չպետք է շփոթել գռեհկության, անդաստիարակության, անզուսպ լինելու հետ: Կարծում եմ, որ «ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ» մոտեցումը պետք է կիրառել կյանքի բոլոր բնագավառներում: Հայ կինը պետք է խիստ չափավոր լինի, համեստությունն ամենամեծ զարդն է կնոջ ճակատին:

  – Դուք ուժեղ, խիստ  կնոջ տպավորություն եք թողնում, շատերը Ձեզ անվանում են «երկաթյա» հայուհի. արդյոք սիրո՞ւմ եք երազել:

 – Գիտեմ, որ շատերն իմ մասին նման կարծիք ունեն: Սակայն իրականում ես շատ ռոմանտիկ, երազկոտ մարդ եմ, ուղղակի կարողանում եմ շղարշով փակել այդ հատկություններս: Երբ հարցը վերաբերում է ընտանիքիս, հարազատներիս, ապա ես դառնում եմ չափազանց խոցելի: Ինձ հատուկ է անկեղծությունը, կարեկցանքը, ուրիշի վիշտը կիսելու, օգտակար լինելու հատկությունը: Անընդունելի են ինձ համար անտարբեր, անզգացմունքային, ոչ կարեկից մարդիկ: Յուրաքանչյուր մարդ արարած պետք է ընդունակ լինի դիմացինին օգնության ձեռք մեկնելու:  Ինչ վերաբերում է երազներին, ապա ես, ինչպես և ցանկացած բանական արարած, կյանքիս ամեն  փուլում երազանքներ ունեցել եմ: Երբ դպրոցում էի սովորում, երազում էի ոսկե մեդալակիր լինել, երբ ստացա մեդալը, երազում էի համալսարանում սովորել, դա էլ իրականացավ, այնուհետև ձգտեցի  դասախոսել, և դա նույնպես իրականություն դարձավ: Այն, ինչ կախված է ինձանից, ես գրեթե միշտ կարողացել եմ իրականացնել: Սակայն այսօր  իմ երազանքները շատ ավելի ընդհանուր են, դրանք կապված են մեր Հայրենիքի և ողջ հայության հետ: Ցանկանում եմ, որ ողջ աշխարհում, երկիր մոլորակի վրա խաղաղություն լինի, քանի որ ամենուր հայեր են ապրում: Մյուս երկրորդ երազանքս է ապրել հզոր զարգացած Հայաստանում, որտեղ  չլինեն աղքատներ, չլինի գործազրկություն: Սակայն այդպիսի Հայաստան կերտելու համար մենք՝ բոլոր հայերս, անկախ նրանից՝ որտեղ ենք բնակվում, պետք է մեր լուման ներդնենք այս անչափ կարևոր հայրենասիրական գործում, պետք է ամենքս մեր տեղում լավ աշխատենք, արագ գործենք, արագ որոշումներ կայացնենք: Հայաստանը համայն հայության հայրենիքն է, և այն պետք է միասնաբար կառուցենք, յուրաքանչյուր անցորդ իր քարը պետք է դնի Հայաստան կոչվող սրբության առաջընթացին: Ես անսահման շնորհակալ եմ Սփյուռքի մեր հայրենակիցներից. նրանք իրենց գիտելիքները և հնարավորությունները, կապերն ու միջոցները ներդնում են Հայաստանի զարգացմանն  ուղղված աշխատանքներում: Եթե ազատ ժամանակ ունենում եմ, կարդում եմ, շատ եմ կարդում և մեկ-մեկ էլ հոգնած պահերին ասմունքում. այն փոքրուց ուղեկցում է ինձ:

Տիկի´ն Հակոբյան, հարցազրույցի ավարտին ուզում եմ տալ մեր ավանդական հարցը. ի՞նչ կցանկանայիք հայուհիներին:

 – Նախ և առաջ` խաղաղ երկինք: Այնուհետև կուզենայի, որ երջանիկ պահերը, օրերը մեր հայուհիների կյանքում անսահման լինեն:  Ցանկանում եմ, որ հայուհիների աչքերից երբեք չհոսեն դժբախտության արցունքներ, այլ միայն երջանկության և հպարտության: Թող նրանց զավակները փայլուն ապագա ունենան, թող բոլորի երազանքներն իրականություն դառնան: Մաղթում եմ բոլոր կանանց առողջություն. երբ առողջ է ընտանիքի մայրը, երջանիկ է ողջ ընտանիքը, առողջ է նաև հասարակությունը, նաև հայությունը:

 Շնորհակալություն:

 

Հարցազրույցը վարեց Արմինե Ասատրյանը

«Армянка-Հայուհի» ամսագիր

Scroll Up