Գագիկ Աղավելյան. «Դոնեցկի հայկական համայնքն ապրում է համերաշխ…»

Գագիկ Աղավելյանը Ուկրաինայի Դոնեցկի մարզի հայկական համայնքի ղեկավարն է: Երկրի ամենախոշոր արդյունաբերական շրջանի՝ Դոնբասի հայությունը սիրով ընտրել է նրան ու վստահել՝ հավատալով, որ նա և Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը մշտապես կանգնած են համայնքի խնդիրների կողքին: Օրերս Գագիկ Աղավելյանն առաջին անգամ հյուրընկալվել էր Սփյուռքի նախարարությունում, որտեղ էլ տեղի ունեցավ մեր զրույցը:

– Պարո՛ն Աղավելյան, ցանկալի կլինի, որ ներկայացնենք Դոնեցկի համայնքը, որովհետև քիչ են մեր ունեցած տեղեկությունները նրա մասին: 

– Դոնեցկի համայնքը Ուկրաինայի ամենամեծ հայկական համայնքներից է: Մոտ ութսուն հազար հայ է ընդգրկված համայնքում: Իսկ սա արդեն հզոր ներկայություն է ողջ մարզում, ուր ապրում են մոտ 170  ազգության ներկայացուցիչներ: Բազմազգ ընտանիքում հայկական համայնքը ձևավորվել է որպես ինքնուրույն, սեփական նկարագիրն ու տեսլականներն ունեցող հանրություն: Համայնքը՝ որպես միասնականություն, 1990-ականներին է գոյավորվել: Այստեղ եկել են Բաքվի կոտորածներից մազապուրծ մարդիկ, Սպիտակի երկրաշարժից տուժածներ, ինչպես նաև հետանկախության շրջանում Հայաստանում առկա դարձած որոշ սոցիալական խնդիրների հետևանքով աշխատանք և բարեկեցություն փնտրողներ: Եվ հենց նրանք էլ ձևավորել են համայնքը: Նրանցից զատ, այստեղ են նաև հնաբնակները: Իսկ մենք գիտենք, որ Դոնեցկում միշտ էլ ապրել են հայեր: Մի քանի հարյուր տարվա պատմություն ունի ուկրաինական հայ համայնքը, որի ներկայացուցիչներն ապրել և ապրում են Լվովում, Սիմֆերոպոլում և այլուր: Մեր համայնքի սոցիալական կազմը խայտաբղետ է, բազմազան: Եվ՛ գործարարներ կան, և՛ մտավորականության ներկայացուցիչներ, և՛ համեստ աշխատավորներ:

Համայնք հասկացությունը միայն բնակչությունը չէ: Բնականաբար, անհրաժեշտ են ենթակառուցվածքներ, կրոնական և հոգևոր կառույցներ, որոնք նպաստում են համայնքի ձևավորմանը, նրա գործունեությանը, մշակութային ավանդույթների հիմնավորմանը: Այս առումով ի՞նչ վիճակում է ձեր համայնքը, ի՞նչ ունեք:

– Կարող եմ ասել, որ այդ չափումների տեսակետից՝ մեր համայնքն արդեն կայացած է: Ունենք եկեղեցիներ և մատուռներ, որոնց մի մասը ստեղծվել է վերջին մեկ տասնամյակի ընթացքում: Մենք գիտակցում ենք, որ առաջին հերթին հոգևոր-կրոնական կառույցներն են կոչված պահելու ազգայինը, հայկականը: Այդ պատճառով էլ ջանք չենք խնայել, որպեսզի ունենանք մի քանի եկեղեցի, որոնք դարձել են համայնքային կյանքի առանցքներ: Կրոնական տարբեր տոները մեզ տանում են դեպի համախմբում, առիթներ ստեղծում մեկ անգամ ևս հանդիպելու, հստակեցնելու մեր խնդիրները: Կրոնական կառույցներից զատ, մենք կարևորել ենք ազգային կրթության խնդիրը: Արդեն ունենք տասներկու կիրակնօրյա դպրոց՝ երեք հարյուրից ավելի աշակերտներով: Կիրակնօրյա դպրոցների կազմակերպումը մեզ համար դարձել է առաջնահերթ խնդիր, որովհետև լեզվի հետ մշտական կապը չափազանց կարևոր է: Լեզուն, ազգային պատմությունը միշտ պետք է ուղեկցեն հայ մարդուն, որտեղ էլ նա լինի: Եվ մենք արել ենք հնարավորը, որպեսզի կայանան կիրակնօրյա դպրոցները: Դրանք ձևավորվել են համայնքի աջակցությամբ, Ուկրաինայի հայերի միության կատարած ներդրումներով:

Պարո՛ն Աղավելյան, եթե կան ու գործում են կիրակնօրյա դպրոցներ, նշանակում է՝ ձեզ մոտ լուծված է մայրենին պահպանելու, ուծացումից խույս տալու հարցը: Եվ, այնուհանդերձ, արդյո՞ք ուծացումը չի սպառնում նաև Դոնեցկում ապրող հայերին:

– Ուծացման խնդիրը Սփյուռքում գտնվող բոլոր համայնքների մտահոգությունն է: Թիվ մեկ մտահոգությունը: Օտար միջավայրում ազգային մշակույթի ազդեցության ներքո գտնվելը միշտ էլ ստեղծում է դժվարություններ լեզվի պահպանման հարցում: Առայժմ մենք որևէ խնդիր այս առումով չենք ունեցել: Մեր ընտանիքներում մենք խոսում ենք հայերեն, հայերենն է մեր առօրյա շփումների լեզուն: Բնականաբար, դրսում մենք խոսում ենք ռուսերեն, երիտասարդներն արդեն գիտեն նաև ուկրաիներեն: Իհարկե, որքան էլ պահպանենք մեր մայրենին, անպայմանորեն մենք միշտ էլ լեզուն կորցնելու վտանգը զգում ենք, այդ պատճառով էլ հենց կիրակնօրյա դպրոցների միջոցով աշխատում ենք մեծացնել կապը, մայրենին դարձնել բոլորի համար հասանելի: Կարծում եմ, որ դեռևս անելիքներ ունենք այս առումով և առաջիկայում էլ մեր ջանքերը պիտի ուղղորդենք այն բանին, որ կորուստներ չունենանք: Դրա համար պիտի սերտացնենք կապը Հայաստանի հետ, պիտի ամեն ինչ անենք, որպեսզի մեր երիտասարդները մասնակցեն համահայկական նախաձեռնություններին, Սփյուռքի նախարարության կողմից առաջարկվող ծրագրերին: Ես առաջին անգամ եմ նախարարությունում, այստեղ ծանոթացա այն բոլոր նախաձեռնություններին, որոնք կյանքի են կոչվում, ուստի ինքս էլ շահագրգիռ կլինեմ, որպեսզի Դոնբասի հայությունն անմասն չմնա այս ամենից:

Դոնեցկում գործում է ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը: Ինչպե՞ս եք իրականացնում համագործակցությունը, ինչպե՞ս եք լուծում հայությանը մտահոգող խնդիրները:

– Հյուպատոսության նստավայրը և մեր կառույցը նույն շենքում են: Այսինքն՝ հարևաններ ենք, իսկ սա էլ նպաստում է այն բանին, որ ունենանք ամենօրյա շփումներ, համատեղ քննարկումներ: Խնդիրներ հաճախ են ծագում, բայց դրանք անմիջապես լուծվում են: Թող զարմանալի չթվա, բայց մենք չենք զգում Ուկրաինայում ՀՀ դեսպանատան կարիքը, որովհետև հյուպատոսարանն ամեն ինչ անում է: Առհասարակ, մեզ մոտ շատ լավ է լուծված պետական կառույցի և հասարակական սեկտորի համագործակցության խնդիրը: Մենք գիտենք, որ փոքրիկ Հայաստան ենք, ուրեմն պետք է լինենք համախմբված և միասնական: Ավելին, մենք նաև շատ գործուն մասնակցություն ենք ունենում մարզում կազմակերպվող տարբեր միջոցառումներին և համարվում ենք ամենակազմակերպված համայնքը, ինչը փաստվել է նաև մեր ստացած պարգևներով:

– Վերջերս Ուկրաինայի գրողների միության անդամ ներկայացող Ռաիսա Կարագյոզյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր այն մասին, որ Ուկրաինայի հայերի միությունում շփման լեզուն ռուսերենն է, որ հայկականությունն իսպառ դուրս է մղված, այդ միությունն ու հայկական մյուս կազմակերպությունները չեն համագործակցում համայնքների հետ: Ի՞նչ կասեք այդ մասին:

– Չեմ բաժանում այդ կարծիքը և համարում եմ այն դատապարտելի: Ուկրաինայի հայերի միությունը և նրա նախագահ Վիլեն Շատվորյանն ամեն ինչ անում են, որպեսզի պահպանվի հայկականությունը, որպեսզի Ուկրաինայում ապրող հայերն իրենց ապահով և բավարարված զգան: Միության և մեր համայնքային կազմակերպությունների ջանքերով ստեղծվել են երիտասարդական ճամբարներ, Սակիում մենք ունենք մեր սեփական տարածքը, որը ծառայում է որպես ճամբար, ունենք երիտասարդական կազմակերպություններ, որոնք համագործակցելով ՈՒՀՄ-ի հետ՝ հասել են լուրջ հաջողությունների: Անկեղծ ասած՝ ես չգիտեմ, թե ով է նշյալ տիկինը: Եթե Ուկրաինայի գրողների միությունում նման հայ անդամ լիներ, բոլորս կճանաչեինք, որովհետ սերտ համագործակցություն կա հատկապես մտավորականության բոլոր ներկայացուցիչների հետ: Պարզապես դա պետք է համարել ստահոդ և համայնքի համերաշխությանն ուղղված սադրանք:

Ես համաձայն եմ Ձեր կողմից տրված գնահատականին, որովհետ, ցավոք, կան դեռ մարդիկ, որոնք Հայստանից դուրս էլ համայնքների կազմաքանդման «գործով» են ապրում: Սակայն այդ քայլերը միշտ դատապարտված են: Մենք ունենք օրինակներ, երբ այս կամ այն չկայացած գործիչը փորձում է Սփյուռքում սերմանել ազգային անհամաձայնություն, խառնակչություն, բայց միշտ էլ համայնքները, Սփյուռքի նախարարությունը կարողանում են գտնել համապատասխան լուծումներ և անգամ հակահարվածներ… Այժմ անդրադառնանք Ուկրաինայում վերջերս ծավալված իրադարձություններին: Հարցս քաղաքական ենթատեքստ չունի, և նպատակ չունեմ Ձեզ ներքաշել քաղաքական խոսակցության մեջ: Պարզապես հետաքրքիր է իմանալ, թե այս իրավիճակում ինչպե՞ս է իրեն զգում հայ համայնքը:

-Մեր կառույցը քաղաքական խնդիրներ չի հետապնդում, հետևաբար մենք էլ հեռու ենք քաղաքական գնահատականներից: Ասեմ, որ Դոնբասում չեն զգացվում այդ իրադարձությունները, ամեն ինչ խաղաղ է, հանգիստ: Մենք, որպես ազգային համայնք, պատրաստ ենք համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր կառաջարկեն գործնական ծրագրեր, ովքեր կնպաստեն միջհամայնքային կապերի ամրապնդմանը, սոցիալական նոր ծրագրերի առաջադրմանը: Մենք մեզ այդ երկրում հյուր չենք զգում, մեր մասնակցությունն ունենք ընտրական գործընթացներին, սակայն մեր խնդիրներն առաջին հերթին կապակցվում են ազգային հարցերին, միասնությանն ու համախմբմանը:

Օրերս Ուկրաինայի ներքին գործերի նախարար նշանակվեց ազգությամբ հայ Արսեն Ավագովը: Ինչե՞ս եք վերաբերվում այս նշանակումին:

– Արսեն Ավագովի հետ անձնապես ծանոթներ չենք, սակայն գիտեմ նրա խորհրդարանական գործունեության մասին, այն մասին, որ նա առաջարկեց մեզ համար ևս հետաքրքրություն ներկայացնող օրինագիծ: Ուրախ եմ, որ նման պատասխանատու աշխատանքը վստահվել է մեր հայրենակցին: Համոզված եմ, որ նա ամեն ինչ կանի, որպեսզի Ուկրաինայում գերակա դառնա օրինականությունը:

– Թույլ տվեք շնորհակալություն հայտնել զրույցի համար և Ձեզ մաղթել հաջողություններ:

-Ես էլ իմ շնորհակալությունն եմ հայտնում և վստահեցնում, որ հետայսու ՀՀ Սփյուռքի նախարարության հետ կունենանք առավել նկատելի համագործակցություն: 

Զրուցեց  Լևոն Մութաֆյանը

Scroll Up