Պատկերացնում էի, որ Երևանը մի քաղաք է, որի ամեն մի անկյունից Արարատն է երևում

«Երազ էր մեզ համար Հայաստանը տեսնելը: Անընդհատ ասում էինք` օր մը կերթանք…Այսօր երազս իրականություն դարձավ…»,-Հալեպում ապրող տիկին Գիլդան չէր կարողանում թաքցնել հուզմունքը: Հայաստան էր եկել որդու` 13-ամյա Արամ Խաչատրյանի հետ:

Արամը մասնակցել է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին: Մեներգեցողություն անվանակարգի դափնեկիր է, պարգևատրվել է դիպլոմով` որպես «Հայ հոգևոր երգի լավագույն կատարող»: Արամը ընտանիքի միակ զավակն է. «Երբ որդիս ծնվեց, ես և ամուսինս ցանկանում էինք նրան այնպիսի անունով կոչել, որ գեղեցիկ լինի ու բոլոր լեզուներով հստակ արտասանվի: Նկատի ունենալով, որ մեր ազգանունը Խաչատրյան է, ամուսինս որոշեց Արամ դնել, ասաց` ով գիտի, գուցե Արամ Խաչատրյանի նման հայտնի երաժիշտ դառնա…»,- անկեղծացավ տիկին Գիլդան:  Կյանքում ոչինչ պատահական չի լինում, երբեմն նույնիսկ անուններն են ճակատագրեր որոշում: Ծնողների ցանկությունը կատարվեց. Արամն այսօր խոստումնալից երաժիշտ է ու դեռ երկար ճանապարհ ունի անցնելու:  Փոքրիկ երաժիշտը նույնպես ոգևորված է Հայաստան այցելությունից ու իր տարիքին բնորոշ անմիջականությամբ հայտնում է իր տպավուրությունները.

– Երբ Հայաստանը չէի տեսել, պատկերացնում էի, որ Երևանը մի քաղաք է, որի ամեն մի անկյունից Արարատն է երևում: Հայաստանը ճանաչեցի Գյումրիի միջոցով` ցածրահարկ, կիսաքանդ շենքեր, մի պահ տխրեցի` մի՞թե սա է Հայաստանը: Հետո իմացա, որ այդ ամենը երկրաշարժի հետևանք է: Երևանում տպավորություններս այլ էին: Հիացած եմ մեր մայրաքաղաքի գեղեցկությամբ: Եղել եմ Խոր վիրապում, Էջմիածնում…այնքան հաճելի է, որ ամենուր հայերեն են խոսում:

– Արա´մ, մի քիչ պատմի´ր քո մասին:

– Սովորում եմ Հալեպի Կարեն-Եփփե ազգային ճեմերանի 7-րդ դասարանում: Շատ եմ սիրում իմ դպրոցը, իմ ուսուցիչներին, ովքեր սովորեցնում են ինձ գրել ու կարդալ հայերեն, սովորեցնում են սիրել հայրենիքը: Ճիշտ է, Հալեպում ենք ապրում, բայց չենք մոռանում, որ հայ ենք, չենք մոռանում մեր լեզուն, պատմությունը, կրոնը: Տանը, դրսում միմիայն հայերեն ենք խոսում:

Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտական դպրոցում վոկալի դասերի եմ հաճախում: Ուսուցիչս Շահեն Քեշիշյանն է. նա է ինձ սովորեցրել սիրել հայ երգը, միշտ գոտեպնդում ու քաջալերում է ինձ: Ուրախ եմ ու հպարտ, որ նրա նման ուսուցիչ ունեմ: Սովորում եմ նաև երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում:

– Ի՞նչ է քեզ համար հայ երգը: 

– Հայ երգը  քո սրտի հետ է խոսում, այն քո հոգուց է բխում ու հուզում է թե´ կատարողին, թե´ ունկնդրին: Հայ երգի միջոցով դու Հայաստան երկրի կարոտն ես առնում: Արաբական երգեր էլ եմ լսում, բայց միևնույնն է, ինչքան էլ գեղեցիկ լինենեն, հոգուդ հետ չեն խոսում:

– Իսկ հայերեն գրքեր սիրու՞մ ես կարդալ:

-Սիրում եմ Մխրթար Գոշին, Մուշեղ Իշխանին, Հովհաննես Շիրազի բանաստեղծություններն եմ սիրում կարդալ:

–  Ի՞նչ տպավորություններ ստացար «Վերածնունդ» մրցույթ-փառատոնից:

– Մրցույթի մասին ուշ եմ իմացել: Բարեբախտաբար պատրաստ էի և կարողացա անվախ երգել: Կցանկանայի, որ նման մրցույթներ հաճախակի կազմակերպվեն, քանզի ամբողջ աշխարհի հայերը հավաքվում են հայրենիքում: Ուրախ եմ,որ Հալեպ մրցանակով եմ վերադառնում: Ոզում եմ շնորհակալություն հայտնել մրցույթի կազմակերպիչներին, Հալեպում Սփյուռքի նախարարության ատենապետ Լենա Հալաջյանին, ատենադպրուհի Մարիա Քասաբյանին, ովքեր քաջալերեցին ու օգնեցին ինձ, որ անպայման մասնակցեմ մրցույթին:

-Նաեւ լողի ես գնում, ինչպե՞ս ես հասցնում

Ջուր շատ եմ սիրում ու ցանկացա անպայման լողալ սովորել: Բազմաթիվ մրցաշարերի եմ մասնակցել: Սիրիայում լողի առաջնությունում գրավել եմ առաջին տեղը: Բայց լողն ինձ համար ընդամենը հոբբի է: Կարևորն իմ կյանքում երաժշտությունն է: Երազում եմ Արամ Խաչատրյանի նման ճանաչված երաժիշտ դառնալ: Շատ եմ սիրում նրա երաժշտությունը: Ցանկանում եմ, որ Արամ Խաչատրյանի գործերը միշտ անմահ լինեն, որ ոչ մի հայ չմոռանա, որ նրա նման երաժիշտ ունի:

– Արա´մ, իսկ հայրենիքից ի՞նչ ես տանում քեզ հետ

– Ուրախություն, արև, ջերմություն…Ցավում եմ այն մարդկանց համար, ովքեր միայն լսել են հայրենիքի մասին: Հայրենիքը տեսնելը, զգալը մի այլ զգացողություն է: Կցանկանամ, որ բոլոր հայերն իրենց հայրենիքում ապրեն: Ես նույնպես ուզում եմ ապրել, սովորել Հայաստանում: Ընկերներիս խորհուրդ կտամ անպայման այցելել հայրենիք:  Շատ եմ ուզում մասնակցել «Արի տուն» ծրագրին, որ նորից կարողանամ Հայաստան գալ:

Զրուցեց Լուսինե Աբրահամյանը

Scroll Up