Պատկերացնում էի, որ Երեւանը մի քաղաք է, որի ամէն մի անկիւնից Արարատն է երեւում
«Երազ էր մեզ համար Հայաստանը տեսնելը: Անընդհատ ասում էինք` օր մը կերթանք…այսօր երազս իրականութիւն դարձաւ…»,-հալեպում ապրող տիկին Գիլդան չէր կարողանում թաքցնել յուզմունքը: Հայաստան էր եկել որդու` 13-ամեայ Արամ Խաչատրեանի հետ:
Արամը մասնակցել է «Վերածնունդ» միջազգային մրցոյթ-փառատօնին: Մեներգեցողութիւն անուանակարգի դափնեկիր է, պարգեւատրուել է դիպլոմով` որպէս «Հայ հոգեւոր երգի լաւագոյն կատարող»: Արամը ընտանիքի միակ զաւակն է. «Երբ որդիս ծնուեց, ես եւ ամուսինս ցանկանում էինք նրան այնպիսի անունով կոչել, որ գեղեցիկ լինի ու բոլոր լեզուներով յստակ արտասանուի: Նկատի ունենալով, որ մեր ազգանունը Խաչատրեան է, ամուսինս որոշեց Արամ դնել, ասաց` ով գիտի, գուցէ Արամ Խաչատրեանի նման յայտնի երաժիշտ դառնա…»,- անկեղծացաւ տիկին Գիլդան: Կեանքում ոչինչ պատահական չի լինում, երբեմն նոյնիսկ անուններն են ճակատագրեր որոշում: Ծնողների ցանկութիւնը կատարուեց. Արամն այսօր խոստումնալից երաժիշտ է ու դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Փոքրիկ երաժիշտը նոյնպէս ոգեւորուած է Հայաստան այցելութիւնից ու իր տարիքին բնորոշ անմիջականութեամբ յայտնում է իր տպաւուրութիւնները.
– Արամ, մի քիչ պատմիբր քո մասին:
– Սովորում եմ Հալէպի Կարէն-եփփէ ազգային ճեմերանի 7-րդ դասարանում: Շատ եմ սիրում իմ դպրոցը, իմ ուսուցիչներին, ովքեր սովորեցնում են ինձ գրել ու կարդալ հայերէն, սովորեցնում են սիրել հայրենիքը: Ճիշտ է, Հալէպում ենք ապրում, բայց չենք մոռանում, որ հայ ենք, չենք մոռանում մեր լեզուն, պատմութիւնը, կրօնը: Տանը, դրսում միմիայն հայերէն ենք խօսում:
Բարսեղ Կանաչեանի անուան երաժշտական դպրոցում վոկալի դասերի եմ յաճախում: Ուսուցիչս Շահէն Քեշիշեանն է. նա է ինձ սովորեցրել սիրել հայ երգը, միշտ գօտեպնդում ու քաջալերում է ինձ: Ուրախ եմ ու հպարտ, որ նրա նման ուսուցիչ ունեմ: Սովորում եմ նաեւ երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում:
– Ին՞չ է քեզ համար հայ երգը:
– Հայ երգը քո սրտի հետ է խօսում, այն քո հոգուց է բխում ու յուզում է թեբ կատարողին, թեբ ունկնդրին: Հայ երգի միջոցով դու Հայաստան երկրի կարօտն ես առնում: Արաբական երգեր էլ եմ լսում, բայց միեւնոյնն է, ինչքան էլ գեղեցիկ լինենեն, հոգուդ հետ չեն խօսում:
– Իսկ հայերեն գրքեր սիրու՞մ ես կարդալ:
-Սիրում եմ Մխրթար Գօշին, Մուշեղ Իշխանին, Յովհաննէս Շիրազի բանաստեղծութիւններն եմ սիրում կարդալ:
– Ին՞չ տպաւորութիւններ ստացար «Վերածնունդ» մրցոյթ-փառատօնից:
– Մրցոյթի մասին ուշ եմ իմացել: Բարեբախտաբար պատրաստ էի եւ կարողացայ անվախ երգել: Կը ցանկանայի, որ նման մրցոյթներ յաճախակի կազմակերպուեն, քանզի ամբողջ աշխարհի հայերը հաւաքւում են հայրենիքում: Ուրախ է,` որ Հալէպ մրցանակով եմ վերադառնում: Ոզում եմ շնորհակալութիւն յայտնել մրցոյթի կազմակերպիչներին, Հալէպում Սփիւռքի նախարարութեան ատենապետ Լենա Հալաջեանին, ատենադպրուհի Մարիայ Քասաբեանին, ովքեր քաջալերեցին ու օգնեցին ինձ, որ անպայման մասնակցեմ մրցոյթին:
– Նաեւ լողի ես գնում, ինչպէ՞ս ես հասցնում:
– Ջուր շատ եմ սիրում ու ցանկացայ անպայման լողալ սովորել: Բազմաթիւ մրցաշարերի եմ մասնակցել: Սիրիայում լողի առաջնութիւնում գրաւել եմ առաջին տեղը: Բայց լողն ինձ համար ընդամէնը հոբբի է: Կարեւորն իմ կեանքում երաժշտութիւնն է: Երազում եմ Արամ Խաչատրեանի նման ճանաչուած երաժիշտ դառնալ: Շատ եմ սիրում նրա երաժշտութիւնը: Ցանկանում եմ, որ Արամ Խաչատրեանի գործերը միշտ անմահ լինեն, որ ոչ մի հայ չմոռանայ, որ նրա նման երաժիշտ ունի:
– Արամ, իսկ հայրենիքից ի՞նչ ես տանում քեզ հետ:
– Ուրախութիւն, արեւ, ջերմութիւն…ցաւում եմ այն մարդկանց համար, ովքեր միայն լսել են հայրենիքի մասին: Հայրենիքը տեսնելը, զգալը մի այլ զգացողութիւն է: Կը ցանկանամ, որ բոլոր հայերն իրենց հայրենիքում ապրեն: Ես նոյնպէս ուզում եմ ապրել, սովորել Հայաստանում: Ընկերներիս խորհուրդ կը տամ անպայման այցելել հայրենիք: Շատ եմ ուզում մասնակցել «արի տունէ ծրագրին, որ նորից կարողանամ Հայաստան գալ:
Զրուցեց Լուսինէ Աբրահամեանը